«Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 հոգի»,– Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ փոխտնօրեն Լևոն Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքում գայլի հարձակման հետևանքով տուժածների առողջական վիճակին։

Փոխտնօրենի փոխանցմամբ՝ տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել. «4 հոգու վնասվածքները թեթև են եղել, էնքան որ ճանկռվածքներ, քերծվածքներ, մի քանի տեղից կծել... կարերով-բանով արեցինք։ Կարևորը, որ վակցինացիաները ժամանակին արվել է բոլորին, դուրս են գրվել, որ հետագայում խնդիր չունենանք կատաղության»:

Տուժածներից մեկի վիճակը ծանր է, նրան տեղափոխում են մայրաքաղաք;

 «Մեկն ընդունվել է ծանր վիճակում։ Դեմքից էլ է կծել, դեմքի կծելուց ոսկորներն է վնասել՝ վերին ծնոտի ոսկորը, բավականին նուրբ վնասվածքներով և խորը վերքերով։ Նրան երևի տեղափոխենք «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ դիմածնոտային բաժանմունք: Տուժածը 72 տարեկան տղամարդ է Քարահունջից: Այստեղ մենք ունենք դիմածնոտային վիրաբույժ, առաջնահերթ վիրահատական միջամտությունները բոլորն արել է, բայց այնտեղ շարունակական, մասնագիտական բուժում է պետք»,-մանրամասներ պատմեց ԲԿ փոխտնօրենը։

Անդրադառնալով տուժած երեխայի վիճակին՝ Լևոն Հարությունյանը հստակեցրեց, որ նա 3 տարեկան է և բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չունի։

 «Երևի ամենաթեթևներից մեկն ինքն էր։ Իրենց բակում է հարձակվել։ Մեկը հասցրել է, տեսել է, որ հարձակվում է, գնացել է երեխային գրկել։ Երեխային այնքան որ ճանկռել է մի քանի անգամ, այդքան մեծ վնասվածքներ երեխան չի ունեցել... ժողովուրդը հասցրել են, փախցրել են։ Երեխան թեթև պրծավ, թե չէ որ մենակ լիներ...»,-ասածի հետևանքները էլ չի թվարկում բժիշկը։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ գյուղում արտակարգ դեպք է գրանցվել. գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Թեև սկզբնական շրջանում լուրեր էին շրջանառվում գայլերի ոհմակի մասին, և դեպքի վայր մեկնած փրկարարներն ու էկոպարեկները որոնողական աշխատանքներ են սկսել, հետագայում պարզվել է, որ հարձակվողը միայնակ է եղել։ Մարդիկ նույնիսկ հասցրել էին նրան տեսանկարահանել։

Ինչո՞ւ է գայլն անտառից դուրս եկել ու բնակեցված գյուղ մտել։ Դրա  պատճառների և հնարավոր լուծումների շուրջ Panorama.am-ը զրուցեց նաև բնապահպան Սիվլա Ադամյանի հետ։

Նրա խոսքով՝ խնդիրը տարիների պատմություն ունի և կապված է մարդու կողմից բնության հանդեպ անփույթ վերաբերմունքի հետ. «Ամեն տարի մեծ քանակությամբ անտառներ են հատվում, մեծ քանակությամբ կենդանիներ են որսագողության զոհ դառնում։ Ե՛վ կլիմայական փոփոխությունները, և՛ մեր անփութությունը, և´ անկառավարելի վիճակը բերել են նրան, որ այն կենսամիջավայրերը, որտեղ գայլերը ապրում են ու ծնվում, կամաց-կամաց վերանում են։ Ոչ մի կենդանի էակ, որն ունի իր կենսամիջավայրը, որտեղ հանգիստ սնվում է, այդտեղից դուրս չի գալիս»:

Ադամյանը նշեց, որ կենդանիների ոչնչացումը հարցի լուծում չէ, քանի որ երբ տեսակին վտանգ է սպառնում, գայլերն ունեն ինտենսիվ բազմանալու հատկություն։

Որպես առաջնահերթ լուծում՝ բնապահպանն առաջարկում է կիրառել միջազգային փորձը՝ էլեկտրական հովիվների տեղադրում, ինչը նախկինում WWF-ի աջակցությամբ արդեն արվել էր Հայաստանի որոշ շրջաններում. «Մենք ենք մտել իրենց միջավայրը, սկսել ենք իրենց խանգարել, և իրենք գալու են։ Այս պահին այն բնակավայրերում, որտեղ տեսնում ենք կենդանիների ներխուժումը, կարծում եմ՝ պիտի տեղադրվեն էլեկտրական չոբաններ։ Պետք է դիմել Շրջակա միջավայրի նախարարությանը, միջազգային կառույցներին, որպեսզի ուսումնասիրություն կատարվի։ Գայլը գիշատիչ է, ինքն իր որսն է անում, մենք չենք կարող նրան արգելել, բայց կարող ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ նա կարողանա իր կենսամիջավայրում մնալ, այլ ոչ թե դուրս գալ մարդկանց մոտ»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել