Իսպանիայի հավաքականը անպարտելի է 33 պաշտոնական խաղում (26 հաղթանակ և 7 ոչ-ոքի), բացառությամբ ընկերական խաղերի։

Իսպանիան 4-0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։

Նրանց վերջին պարտությունը 2023 թվականի մարտին Եվրո 2024-ի որակավորման փուլում Շոտլանդիայից կրած 0-2 հաշվով պարտությունն էր։

Իսպանիան կրկնեց Բրազիլիայի հավաքականի ռեկորդը (1993-1998):

Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում կայացավ Բելգիա-Իրան հանդիպումը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

Առաջին խաղակեսում Մեհդի Տարեմին դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց վերջինիս՝ խաղից դուրս վիճակում լինելու պատճառով։

Հանդիպման 67-րդ րոպեից բելգիացիները մնացել էին 10 հոգով՝ Նգոյի հեռացումից հետո։

Այս հանդիպումից հետո թիմերն իրենց ակտիվում ունեն մեկական միավոր։

G խմբի մյուս՝ Նոր Զելանդիա-Եգիպտոս հանդիպումը կկայանա ավելի ուշ՝ Երևանի ժամանակով 05։00-ին։

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Բելգիան կհանդիպի Նոր Զելանդիայի, իսկ Իրանը՝ Եգիպտոսի հավաքականի հետ։

Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի H խմբի երկրորդ խաղում, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում, Ուրուգվայի ազգային հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց Կաբո Վերդեի ընտրանու հետ (2-2)։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեցին աֆրիկյան թիմի ֆուտբոլիստները. աչքի ընկավ Կևին Պինան։ Առաջին խաղակեսի վերջնամասում ուրուգվայցիներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ Նախ՝ 44-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մաքսիմիլիանո Արաուխոն, իսկ առաջին կեսին ավելացված 6-րդ րոպեին (45+6′) Ագուստին Կանոբիոն արդեն առաջ մղեց հարավամերիկացիներին։

Այնուամենայնիվ, Կաբո Վերդեի հավաքականը չհանձնվեց և երկրորդ խաղակեսում կարողացավ խուսափել պարտությունից։ 61-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց փոխարինման դուրս եկած Էլիո Վարելան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը H խմբի համար նախատեսված է հունիսի 27-ին, Ուրուգվայի հավաքականը կմրցի Իսպանիայի, իսկ Կաբո Վերդեն ուժերը կչափի Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ։ 

Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի G խմբի երկրորդ խաղում, Կանադայի Վանկուվեր քաղաքի «Բի Սի Փլեյս» մարզադաշտում, Եգիպտոսի ազգային հավաքականը 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Նոր Զելանդիայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեցին նորզելանդացիները. աչքի ընկավ Ֆինն Սուրմանը։ Սակայն երկրորդ խաղակեսում աֆրիկյան թիմին հաջողվեց ամբողջությամբ բեկել հանդիպման ընթացքը։ 58-րդ րոպեին Մոստաֆա Զիկոն հավասարեցրեց հաշիվը, 67-րդ րոպեին Մոհամեդ Սալահը առաջ մղեց եգիպտոսցիներին, իսկ 82-րդ րոպեին Մահմուդ Տրեզեգեն խփեց իր թիմի երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այս հաղթանակից հետո Եգիպտոսի հավաքականը վաստակեց 4 միավոր և բարձրացավ G խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Իրանի և Բելգիայի հավաքականները ունեն 2-ական միավոր, իսկ Նոր Զելանդիան 1 միավորով եզրափակում է քառյակը։

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը G խմբի համար նախատեսված է հունիսի 27-ին, Եգիպտոսի հավաքականը կմրցի Իրանի, իսկ Նոր Զելանդիան ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել