Tert.am-ը գրում է.
Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ Եկեղեցու Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Այս մասին նշված է Մկրտիչ Եպիսկոպոսի՝ կալանավայրից արված հայտարարության մեջ:
«Կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն։
Այս տիրադավ ու տիրադրուժ խմբակի գործողությունների ճշգրիտ բնութագրումն է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ» (Երեմիա ԻԲ․ 13)։
Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



