Hetq.am-ը գրում է.
Իրանցի Մոհամմադալի Մորշեդին ներկայանում է որպես North West International University (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU)-ի ղեկավար։ Նա տարբեր հարթակներում շահարկում է Հայաստանի անունը՝ նշելով, թե իբր «համալսարանը» հիմնադրվել և գտնվում է Հայաստանում, ունի օրինական գրանցում և ԿԳՄՍ նախարարության կողմից տրված լիցենզիա։ Ենթադրյալ համալսարանի կայքում նշվում է, որ այն ներառված է Հայաստանի բուհերի ցանկում։ Թեև Մոհամմադալին Հայաստանում երկու ընկերություն է գրանցել, դրանք ոչ մի կրթական գործունեություն չեն իրականացնում։ Փաստացի, նման համալսարան Հայաստանում գոյություն չունի, ԿԳՄՍ նախարարությունը որևէ լիցենզիա չի տվել նրան։ Այս մասին գրում է Հետքը:
«Հետքին» դիմել էր իրանցի Ղոլամռեզա Մոհամմադզադեավալը՝ ներկայանալով որպես նույն «համալսարանի» նախագահ։ Ըստ նրա՝ Մոհամմադալի Մորշեդին «համալսարանի» նախկին աշխատակից է, և «համալսարանի» անունով ապօրինի գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Ղոլամռեզան Մոհամմադալիին մեղադրում է կեղծ դիպլոմների վաճառքի մեջ։ Մեզ չհաջողվեց կեղծ դիպլոմների և վկայականների մասին տեղեկություն ստանալ, Ղոլամռեզա Մոհամմադզադեավալն էլ հետադարձ կապ չհաստատեց, սակայն այլ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք այդ ենթադրյալ համալսարանի վերաբերյալ։
Կեղծ ինֆորմացիա՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
North West International University-ն (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU) ունի կայք, որի «հավատարմագրումներ» բաժնում Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ առանձին բաժին կա։
Նշված է, որ այն ընդգրկված է Հայաստանում գործող բուհերի շարքում և որպես հավաստում՝ տեղադրված է Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի համապատասխան էջի էկրանապատկերը։ Վիքիպեդիայի այդ հոդվածը խմբագրվել է անհայտ օգտատիրոջ կողմից, և ՀՀ-ում գործող համալսարանների ցանկում ավելացվել է North West International University-ի անունը, ապա հայ խմբագիրների կողմից այն հեռացվել է։ Խմբագրումից հետո անհայտ օգտատերը երկրորդ անգամ է ավելացրել ենթադրյալ համալսարանի անունը, ինչը կրկին հեռացվել է։
Որպես «ապացույց» ներկայացվում է 2022թ․ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ մի նամակ, սակայն դա լիցենզիայի մասին չէ։
Կայքում տեղադրված է նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանք «համալսարանի» անվամբ՝ «ՆՈՐԹՎԵՍԹ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՅՈՒՆԻՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ի գրանցման մասին, սակայն այդ ՍՊԸ-ն որևէ գործունեություն չի ծավալում Հայաստանում։ Բացի այդ, կայքում ՀՀ փաստաբանների պալատի լոգոտիպը ներկայացված է որպես ՀՀ արդարադատության նախարարության լոգոտիպ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



