Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել էր, որ իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ի ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ի ժամը 04:35-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Խնածախի նախկին վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

«Արդեն տևական ժամանակ ինքս Կապանում եմ ապրում, բայց գյուղից ասում են, որ իրավիճակը հանգիստ է։ Ինձ ինչ պաշտոնից հեռացրեցին, տարին մեկ եմ գնում գյուղ՝ մեր գերեզմանոց, ու հետ եմ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշավան Հովակիմյանը։

168.am-ը նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է Խնածախում ու առհասարակ համայնքում։

«Իրավիճակի մասին հարցրեք ՊՆ-ից, ընդհանուր իրավիճակը նորմալ է։ Ինչ վերաբերում է Խնածախ ու Խոզնավար գյուղեր գնալուն, ապա ամեն օր գնում եմ, եթե դա ձեզ հետաքրքրում է»,- հակիրճ ասաց Դավիթ Ղուլունցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել