Aysor.am-ը գրում է.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարրի 15-ին մեղադրական վերդիկտ կայացրեց՝  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ջալալ Հարությունյանի փաստաբանական խումբը դեռ դատական ակտը չի ստացել, հայտնի չէ՝ ինչ պատժաչափ կսահմանվի ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ։

«Նոր քրեական դատավարությամբ՝ պրոցեսը երկու փուլի է բաժանվել. առաջին դատական պրոցեսը միաժամանակ ընթանում էր բոլոր հարցերի քննարկումով ու ավարտվում էր, դատարանն ակտ էր հրապարակում ու մեջը գրում ՝ արդարացնել կամ մեղավոր ճանաչել, եթե մեղավոր էր ճանաչում՝ պատիժ կիրառել կամ չկիրառել, բազմաթիվ հարցեր կան, որ վերջնական ակտով կար։ Հիմա քննում է, նայում է ապացույցները, մեղավորության վերաբերյալ հայտարարում է, թե ինչ է որոշել ու ոչ մի թուղթ չի տալիս, տվյալ դեպքում՝ դատարանը հայտարարել է վերդիկտն ու ասել՝ ճանաչել մեղավոր, հիմա այս քննությունը կարող է տևել երկու շաբաթ, վեց ամիս կամ երկու ամիս, չեմ բացառում, որ փետրվարի 6-ին ավարտվի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նրա խոսքով՝ դատական ակտով պետք է պատճառաբանություն տրվի, թե ինչի հիման վրա է որոշվել մեղավոր ճանաչել ՊԲ նախկին հրամանատարին։

«Դա տրվում է մյուս փուլն ավարտելուց հետո, պետք է սպասենք»,- ասաց Սարդարյանը։

Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, կիսում է փաստաբանների դիրքորոշումը՝ անհամաձայնություն հայտնելով դատարանի կայացրած վերդիկտի հետ կապված:

Առաջիկայում դատարանի գործողությունների առնչությամբ փաստաբան Սարդարյանը մեկնաբանություն չտվեց։

«Թույլ տվեք զերծ մնալ դրանից»,- հավելեց ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել