Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին՝ խոսելով ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
Armsport-ը հրապարակել է հարցազրույցից մի հատված.
- Ձեր մանկությունից՝ Ֆրանսիայում հայրիկի հետ, որևէ հիշողություն ունե՞ք, թե՞ շատ փոքր էիք։
- Հիշում եմ, թե ինչպես էինք գնում մարզադաշտ՝ խաղերին և մարզումներին։
- Համլետը մահացավ, երբ Դուք 7 տարեկան էիք։ Որքա՞ն դժվար էր դա Ձեզ համար։
- Առանց հայր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. կարոտում եմ նրան, կուզենայի կողքիս լիներ, որպեսզի հարցնեի շատ բաներ, որոնք կարող էին օգնել ինձ կյանքում: Բարեբախտաբար, մայրս նաև հայրիկի դեր է կատարել, և ես շատ երախտապարտ եմ նրան դաստիարակությանս համար։
- Ինչպիսի՞ հայր եք ցանկանում լինել Ձեր երեխաների համար։
- Կուզենայի լինել այնպիսի հայր, ինչպիսին իմ հայրն էր 7 տարիների ընթացքում և ինչպիսին կլիներ դրանից հետո։
- Ձեր նախկին մարզիչների մեջ՝ Լուչեսկուից մինչև Կլոպ, Մոուրինյուից մինչև Վենգեր, երբևէ գտե՞լ եք հայրական կերպար:
- Ո՛չ, բայց կուզենայի վերցնել յուրաքանչյուրի մարդկային և մասնագիտական հատկանիշները՝ կատարյալ մարզիչ ստեղծելու համար։
- Այսինքն՝ կարիերան ավարտելուց հետո մարզի՞չ եք դառնալու, թե՞, ինչպես Հայաստանում են ասում, քաղաքական գործիչ կամ ֆեդերացիայի նախագահ։
- Դեռ չգիտեմ: Գուցե գրքում կասեմ։
- Ինձագին Ձեզ համար ավագ եղբոր պե՞ս է։
- Նա լավն է և՛ որպես մարզիչ, և՛ որպես մարդ, և սա չեմ ասում, որովհետև իմ մարզիչն է: Նրա հետ կատակում եմ, բայց գիտեմ սահմանները: Իսկ երիտասարդ տարիքում, ցավոք, մի քիչ այլ կերպ էի մտածում։
- Ի՞նչ իմաստով։
- Կարծում էի, որ մարզիչը չի կարող ընկեր լինել, որ պետք է պատնեշ լիներ: Հիմա, երբ ամեն ինչ հասկանում եմ, ավելի հեշտ է ինձ համար։
- Ո՞վ է օգնել հասկանալ դա։
- Ժամանակը և կյանքը։