168.am-ը գրում է․
Երեկվանից մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին հրահանգել է, որ մինչև 2025 թվականի գարուն ազատեն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքը։ Գրեթե երկու տարի առաջ բուհը Մանկավարժական համալսարանի հետ միավորելու որոշում էր կայացվել։ Ըստ այդ որոշման, այս բուհերին կմիավորվի նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ համալսարանի շենքը մինչև գարուն ազատելու վերաբերյալ լուրերին տեղյակ է ներքին խոսակցություններից և մամուլից։ Կարծում է՝ ակնհայտ է, որ երեկ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հավաքը հենց դրան էր նվիրված։
«Կառուցում են ակադեմիական քաղաք, ինչը նշանակում է, որ բոլոր բուհերը պետք է Երևանից դուրս գան, սա ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Բրյուսովի անվան համալսարանի այսօրվա շենքը չի ծառայելու որպես համալսարան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ցոլակ Ակոպյանը։
Նրա խոսքով՝ ցավոք, մինչև այսօր իշխանությունն իր արած բոլոր քայլերը «մարսում» է, բայց վստահ է, որ այդ քայլերի համար վաղ թե ուշ պատասխան է տալու, և այդ օրը գնալով ավելի է մոտենում։
«Մենք շփվելով հասարակության հետ, հասարակական կարծիքը հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ այս իշխանության վարկանիշը բավականին իջել է, և օրերից մի օր պատասխան են տալու։
Ուսանողների ու դասախոսական կազմի հետ շփումներից տեղյակ եմ, որ իրենք չեն պատրաստվում սուսուփուս շենքից դուրս գալ։ Ուսանողներն ինձ հետ շփումների ժամանակ ասում են, որ պայքարելու են իրենց շենքի ու համալսարանի համար, չեմ կարծում, որ ուսանողներն այդպես հեշտ թողնելու են շենքը։ Սա ուղղակի թող դաս լինի այն մարդկանց համար, ում ժամանակին ասում էինք, որ Դավիթ Գյուրջինյանը գալիս է համալսարանը փակելու, Կառավարության ծրագիրը կյանքի կոչելու համար։ Բայց մարդիկ չէին հավատում, թող դաս լինի, որ այս իշխանության որևէ խոսքի չհավատան»,- հավելեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում նա նաև ընդգծեց՝ արդեն տեսնում են, թե հասարակության կարող ուժի ներկայացուցիչների ինչպիսի արտագաղթ է տեղի ունենում Հայաստանից, և խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին։
«Այս մարդիկ մի ամբողջ երկիր են հանձնել, մենք համալսարանի մասին ենք խոսում։ Երկիր են հանձնել ու մարսում են, բայց համոզված եմ՝ պատասխան են տալու։ Ամեն մեկս մեր տեղում պետք է պայքարենք, այլ տարբերակ չկա, երբ կգա այն օրը, որ հասարակությունն այս իշխանությանը կհեռացնի, ու նրանք կենթարկվեն պատասխանատվության»,- եզրափակեց Ցոլակ Ակոպյանը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի աշնանը կառավարությունը նոր նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանը և Ֆիզկուլտ ինստիտուտը միավորվելու են Մանկավարժական համալսարանի հետ: Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ բողոքելով այդ միավորման դեմ, սակայն ո՛չ Կառավարությունը, ո՛չ ԿԳՄՍ նախարարությունն այդ նախաձեռնությունը չվերանայեց։