Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
«Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, 2019 թվականին՝ 284, 2020թ-ին՝ 296, 2021թ-ին՝ 350, 2022 թ.-ին՝ 880, 2023թ.-ին՝ 1,678: Սա հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով»,-ասաց նախարարը:
Ղազարյանը ներկայացրեց, որ վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11.1 տոկոս՝ կրճատվելով 0.7 տոկոսով: 2019 թվականին՝ աճը 8.8 տոկոս է եղել, 2023 թվականին՝ 8.1 տոկոս: 2024 թվականի 8 ամիսներին արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1070-ով կամ 4.2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 25 հազար 637-ից դառնալով 24 հազար 567: