Կիրանցում մարդիկ հարմարվել են դաժան իրականությանը: Բայց պատմում են, որ երբեմն ադրբեջանցիները` սահմանի այն կողմից, սադրում են հայկական կողմին, անգամ հայհոյում են, ծաղրում, քարեր նետում՝ փորձելով հրահրել հայերին: Մենք զրուցել ենք Կիրանցում ապրող մարդկանց հետ:
Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Անկեղծ ասած, չեմ լսել հրահրելու մասով ոչինչ, սահմանապահների հետ գուցե լինում են նման դեպքեր, բայց մեզ չեն ասում այդ մասին: Ես` ինքս, ադրբեջանցիների սահմանից ընդամենը 150 մետր հեռավորության վրա եմ ապրում` դպրոցի մոտ: Ոչ մի կերպ չեմ ցանկանում արդարացնել թուրքերին, ինձ սխալ չհասկանաք: Ես դեմ եմ եղել, այսօր էլ դեմ եմ սահմանազատմանը: Ընդհանուր առմամբ, Կիրանցում կյանքը շարունակվում է, դպրոցն աշխատում է, երեխաների մի մասը դպրոց է գնում, բայց ոչ բոլորը, կան երեխաներ, որոնց ծնողները տանում են հարեւան գյուղերի դպրոցներ: Ես հստակ թիվ չեմ կարող նշել, բայց նման երեխաներ կան: Արտագաղթի մասով էլ ասեմ, որ ես երկու նման ընտանիք գիտեմ ընդամենը, որից մեկը նորից վերադարձել է` Ռուսաստան մեկնեցին, բայց հետո վերադարձան:
Ռուսաստանում էին աշխատում, ընտանիքին տարավ, բայց չհարմարվեցին, հետ եկան: Մի ընտանիք էլ կա, որ թողել-գնացել է: Գնացողները շատ չեն: Մարդիկ Կիրանցում իրենց առօրյան շարունակում են, ուղղակի մեր աշխատանքը որոշակի սահմանափակվել է: Արոտավայրերը սահմանափակվել են, անասունի գլխաքանակն էլ է սահմանափակվել, անկում եղավ, վաճառեցին մարդիկ անասունները, քանի որ հնարավոր չէ առաջվա պես պահել: Մեր արոտավայրերը, վարելահողերն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ: Անասունը պետք է արոտավայրում լինի, արոտավայրերի հաշվին էինք պահում, հիմա դրանց մեծ մասը չկա, անասուն պահելու տեղ էլ չկա, այդ պատճառով կարող եմ ասել, որ անասնապահությունն ահագին անկում է ապրել: Փոխհատուցումների մասով էլ ասեմ, որ ստացողներ էլ են եղել, հրաժարվողներ էլ, որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են: 30-32 սեփականատեր կա, որոնց տարածքները հանձնվել են, բայց նրանցից շատերը բուն կիրանցեցի չեն, Կիրանցի թոռներ են, պապիկ-տատիկից ժառանգություն են ստացել: Մեկ երրորդը հրաժարվել է փոխհատուցումից, մեկ երրորդը` ոչ: Ես անձամբ հող չեմ կորցրել, բայց համարում էինք, որ փոխհատուցում ստանալը պետական դավաճանություն է, որ չի կարելի անհասկանալի քարտեզների վրա հիմնվելով՝ նման քայլերի դիմել, չէ՞ որ մենք էլ ունենք քարտեզներ, որտեղ այլ բան է նշված: Կիրանցը կորցրել է տներ, հողամասեր, արտադրական տարածքներ, ֆերմա, խանութներ եւ ավտովերանորոգման կետ: Այդ է պատճառը, որ շատերը հրաժարվում են փոխհատուցում ստանալուց»:
Կիրանցեցի Գոհար Վարդանյանն էլ ասում է. «Եթե դպրոցի խաղահրապարակում գնդակ խաղացող երեխաները մի քիչ այն կողմ գնդակը նետեն, կարող է ադրբեջանական սահմանում հայտնվել: Ճանապարհ է, պատ` ադրբեջանցիներ: Փոխհատուցումների մասով էլ՝ 7-8 հոգի չի վերցրել, անգամ մարդ գիտեմ, որ ավելի քան 6 կտոր հողատարածք է կորցել, բայց ոչ մի դրամ չի վերցրել: Իրենց համար հողի դիմաց գումար վերցնելը բարոյական տեսանկյունից անընդունելի է: Ասում են` ավելի լավ է հողը մեզնից խլած լինեն, քան մենք դրա դիմաց գումար վերցնենք: Ասում են՝ եթե փող վերցնենք, կստացվի, որ ոչ թե հողերը վերցրել են, այլ մենք դրանք վաճառել ենք Ադրբեջանին: Ես չեմ մեղադրում ու չեմ դատապարտում նրանց, ովքեր վերցրել են այդ փոխհատուցումները, բայց հպարտանում եմ նրանցով, ովքեր հրաժարվել են այդ գումարներից: Մարդ գիտեմ, որին անգամ 200 հազար դոլար գումար են առաջարկել, հրաժարվել է, այն դեպքում, երբ արդեն իսկ իր տարածքն Ադրբեջանին են տվել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել