Ու, չնայած սրան, հենց 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի կինը ոչ միայն իրեն վերապահեց առաջին տիկնոջ տիտղոսը, այլեւ ամեն ինչ արեց, որ տպավորություն ստեղծվի, թե երկիրը ոչ թե իր ամուսինն է կառավարում, այլ՝ հենց ինքը: Նաեւ դա է պատճառը, որ ՀՀ գլխավոր դատախազն ու սոցապնախարարը որբի պես դռան շեմին կանգնում են, մինչեւ տիկինը ժամանի, որ միասին մտնեն ինչ-որ միջոցառման:
Իսկ վերջին շրջանում էլեկտրոնային փոստով «Իմ քայլը» հիմնադրամից կամ Աննա Հակոբյանի էջից մեզ ուղարկվող բոլոր նամակների տակ ստորագրված է.
Աննա Հակոբյան
Առաջին տիկին
Սա, ըստ էության, ոչ միայն անհամեստություն է, այլեւ ինքնիրավչություն: Աննա Հակոբյանը շատ է սիրում իրեն ցուցադրել համացանցում` նա տարատեսակ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր առօրյայից, տարբեր հանդիպումների է մասնակցում, համաժողովներ կազմակերպում, գործուղումների է մեկնում` ճիշտ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նման: Կիրակի օրն էլ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ինչ-որ արաբ գործարար տղամարդկանց հետ էր ճաշում, խնջույքի ժամանակ էլ երգում էին: Նա չի զլանում նաեւ իր կիսամերկ մարմինը ցույց տալուց` հեծանիվ վարելու անվան տակ: Տպավորություն է, թե Հակոբյանն ամեն ինչ անում է փաշինյանական իշխանությունից դժգոհ մարդկանց ավելի շատ զայրացնելու, հրահրելու, ծաղրելու համար` ի ցույց դնելով իրենց անտարբերությունը հանրության պահանջներին, երկրում կատարվող աղետալի իրադարձություններին:
Մի կողմում` 5 հազար սեւազգեստ մայր, մյուս կողմում` կիսաքաղց, տնավեր 120 հազար բռնի տեղահանված արցախցի, գերիներ, անհետ կորածներ, հաշմանդամներ, անապահով մարդիկ, ապագայի անորոշություն, ադրբեջանական օրեցօր լկտիացող պահանջներ, եւ այս ցոփ ու շվայտ կյանքը, զվարճությունները, կարծես ապահով ու բարեկեցիկ երկրի հաջողակ իշխանություններ լինեն:
Եվ սրան ի հակադրություն` երկրի առաջին տիկնոջ` Վահագն Խաչատուրյանի կնոջ` Անահիտ Մինասյանի աննկատ ու համեստ պահվածքը: ՀՀ նախագահի կնոջը դեմքով գրեթե ոչ ոք չի ճանաչում: Նա միայն մեկ անգամ է հայտնվել հանրային դաշտում` ամուսնու երդմնակալության ժամանակ: Եվ նրա արտաքինից արդեն պարզ էր, որ հատուկ պատրաստություն չի տեսել, ու հանրային ուշադրության կենտրոնում լինելն էլ նրան դուր չի գալիս: Չար լեզուներն ասում են` նա անգամ դեմ է եղել ամուսնու` նախագահ դառնալուն: Բայց դե՝ լավ կյանքին ու փառքին արագ են սովորում, եւ տիկին Խաչատուրյանն էլ կարող էր արագությամբ մտնել Աննա Հակոբյանի դերի մեջ` միջոցառումներ ու համերգներ հաճախել, հարսանիքներ գնալ, ելույթներ ունենալ` դաս տալով հանրությանը, մի հիմնադրամ էլ կարող էր ինքը ստեղծել ու ռեկետ անել օլիգարխներին, մեծահարուստներին` իբր բարեգործության անվան տակ ինչ-որ ծրագրեր իրականացներ: Բայց 2 տարուց ավելի է անցել Վահագն Խաչատուրյանի ընտրվելուց, դեռ նման բան չի նկատվել:
Մենք տեղեկացանք, որ ՀՀ առաջին տիկին Մինասյանն անգամ պետության կողմից իրեն հասանելիք ծառայություններից չի օգտվում` օգնական, գրասենյակ եւ այլն: Կարող ենք փաստել, որ Անահիտ Մինասյանն Աննա Հակոբյանի հակապատկերն է: Նախագահականից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ նախագահի կինն ամուսնու կողքին չէ արարողակարգային միջոցառումների ժամանակ, ինչո՞ւ չի օգտվում իրեն հասանելիք ծառայություններից:
Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Նախագահ Վահագն Խաչատուրյանի կինը բավականին համեստ է, այո, նա չունի օգնականներ եւ դրա անհրաժեշտությունն ու կարիքը չի տեսնում: Սա շատ անձնական հարց է` ընտանիքի մասին: Նախագահի տիկինը հանրային գործունեությամբ գերադասում է չզբաղվել` ԶԼՄ-ներով իրեն գովազդելով, բարձրաձայնելով եւ իրեն ցուցադրելով: Նա իր գործունեությունը ծավալում է հեռու ամեն տեսակ աչքից: Եթե չեմ սխալվում, նա մանկավարժ է: Ինչ վերաբերում է միջոցառումներին մասնակցելուն, ապա կասեմ հետեւյալ կերպ` չի ուզում, չի մասնակցում: Այստեղ չկա որեւէ պատճառ, նա ավելորդություն է համարում բարձրաձայնելով գործունեություն ծավալելը: Շատ մարդկային, սկզբունքային ու անհատական մոտեցում է, եւ կարծում եմ, որ պետք է հարգենք այն: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ իր հանրային գործունեությունը լուսաբանե՞լ, թե՞ ոչ, հանրայնացնե՞լ, թե՞ չհանրայնացնել: Եթե տիկնոջ որոշումն այդպիսին է, ապա չեմ կարծում, որ պետք է այդ հարցը քննարկվի: Հասկանալի է` նա նախագահի կինն է, բայց համեստության հարց է, նա չունի հանրային ճանաչողության հավակնություններ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել