Հունիսի 10-12-ը (փոխվարչապետի որոշում, 10 հունիսի 2024, 407 - Ա), հուլիսի 9-12-ը (փոխվարչապետի որոշում, 9 հուլիսի 2024, 472 - Ա), օգոստոսի 9-10-ը (փոխվարչապետի որոշում, 9 օգոստոսի 2024, 553 - Ա), օգոստոսի 13-16-ը (փոխվարչապետի որոշում, 13 օգոստոսի 2024, 554 - Ա), օգոստոսի 20-24-ը (փոխվարչապետի որոշում, 20 օգոստոսի 2024, 579 - Ա), օգոստոսի 22-24-ը (փոխվարչապետի որոշում, 22 օգոստոսի 2024, 593 - Ա) Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականներ Էդուարդ Անաստասյանը, Արսեն Թարզյանը, ռեֆերենտ Ավետիք Դարբինյանը գործուղվել են Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Արարատ՝ երկու նպատակով․ «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների շինարարական աշխատանքների կամ կապիտալ վերանորոգման ընթացքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար։
Արսեն Թարզյանն ու Ավետիք Դարբինյանը միշտ միասին են, Էդուարդ Անաստասյանը՝ մենակ, մեկ գործուղում։ Ծրագրում ընդգրկված դպրոցները հարյուրավոր չեն, եւ կարելի էր մեկ այցով այդ ամենն ուսումնասիրել։ Բայց… ոչ․ Արսեն Թարզյանն ու Ավետիք Դարբինյանը Սյունիքի դպրոցներում կապիտալ նորոգումն ուսումնասիրել են մի անգամ հուլիսի 9-12-ը, հետո՝ օգոստոսի 13-16-ը։ Երեւի պետք է մի քանի անգամ` հատ առ հատ ստուգել կախիչների ամրությունն ու լոգարանի ցնցուղի գինը։
Արսեն Թարզյանն ու Ավետիք Դարբինյանը Սյունիքում դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով մի անգամ էլ օգոստոսի 20-24-ն են գործուղվել Սյունիք։ Մի բան այն չի եղել, ու օգոստոսի 22-24-ը նույն նպատակով Սյունիք է գործուղվել նաեւ Էդուարդ Անաստասյանը։
Ակնհայտ է, որ Տիգրան Խաչատրյանի թիմակիցներ Էդուարդ Անաստասյանը, Արսեն Թարզյանը, Ավետիք Դարբինյանը գործից գլուխ չեն հանում։ Հակառակ դեպքում կարիք չէր լինի երեք ամսում վեց անգամ նույն նպատակով նույն մարզեր այցելել։
Մի կարեւոր հանգամանք էլ կա այստեղ. ՀՀ սահմանադրության 160-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով։ Որտե՞ղ են այս իշխանությունների մարզպետները` մարզպետարանների ուռճացված համակարգերով հանդերձ, որ չեն կարողանում շինարարության կամ կապիտալ նորոգման ընթացքն ուսումնասիրել եւ տեղեկացնել կառավարությանը։ Կամ՝ ինչո՞ւ չէր կարելի պետական փողերով իրականացվող շինարարության կամ կապիտալ նորոգման պայմանագրով շինարարին, տեխնիկական հսկողին պարտավորեցնել ամսական հաշվետվություններ (այդ թվում՝ լուսանկարներ) ներկայացնել կառավարություն։ Եվ վերջապես` ինչո՞ւ է նույն մարդը նույն նպատակով գործուղվում նույն մարզ մի քանի անգամ։ Կառավարությունը դեռ չի հրապարակել այս գործուղումների հաշվետվությունները։
Բայց կարող ենք արձանագրել, որ անարդյունավետ կառավարումը, պետական բյուջեի միջոցների վատնումը նաեւ այսպես է լինում, երբ իրենց թիմակիցներին աջ ու ձախ գործուղումների են ուղարկում, բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ տալիս, հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցները վատնում իրենց համար ճոխ կյանք, վայելքներ, շրջագայություններ ապահովելու վրա: Իսկ երկրում խնդիրները խորանում են, տնտեսությունը չի զարգանում, հեռանկարային ծրագրեր չեն իրականացվում, արտադրություններ չեն դրվում, աշխատատեղեր չեն ստեղծվում, մի քանի տեղ ասֆալտ են անում, որը մի քանի ամսից քայքայվում է:
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել