- Գոհար, ֆեյսբուքյան քո էջում հրապարակումներ ես անում, տեսանյութեր տեղադրում, թե ձեր տներից քանի մետր հեռավորության վրա է հայկական կողմը պատ կառուցում, որ անգամ տանը նստած՝ տեսնում եք թշնամուն եւ այլն: Այս պահին ի՞նչ իրավիճակ է Կիրանցում, ի՞նչ է կատարվում:
- Պատից այն կողմ Ադրբեջան է, եթե պատի մոտ գնամ, մի մետր հեռավորության վրա ադրբեջանցիներ են: Հիմա, այս պահին չգիտեմ, թե որտեղ են նրանք, միշտ չէ, որ այնտեղ են` գնում-գալիս են, սակայն մեծ մասամբ այնտեղ են:
- Իսկ պատից այն կողմ ի՞նչ են անում:
- Զորքեր են տեղակայելու, մեկ էլ տեսար՝ մի շենք, մի սուպերմարկետ կառուցեցին:
- Ինչպե՞ս է տրամադրվածությունը, կա՞ն շփումներ, փոխադարձ հաղորդակցություն:
- Չէ, ի՞նչ հաղորդակցություն: Բայց հինգ մետր այն կողմ կանգնած են: Ում տները, որ քանդել են, ինչպես գիտեք` մի քանի տուն քանդել են` Խանումի ու Մհերի տները, խանութ կար, որը քանդել են, արհեստանոց եւ այլն: Հիմա ադրբեջանցիներն այնտեղ քայլում են, ինչ ուզում, անում են: Աբսուրդ է, չէ՞: Այսօր ուրիշ իրականություն է, ստացվում է, որ ես կարող եմ անգամ հեշտությամբ մուտք գործել Ադրբեջան, նույն բանը կարող է անել նաեւ ադրբեջանցին, ու ոչ ոք չտեսնի ո՛չ ինձ, ո՛չ էլ իմ գյուղ մտնող ադրբեջանցուն:
- Իսկ սահմանապահնե՞րը:
- Հնարավոր է 200 մետր պատի կողքով քայլել, եւ ոչ ոք չի տեսնի: Այդ հատվածում չկա ոչ մի սահմանապահ, տեսախցիկներ են` ինչ-որ ձայնային տեսախցիկներ:
- Այսինքն՝ այդ հատվածում չկա՞ սահմանապահ:
- Չկա: Չեմ կարող ասել` ինչու չկա:
- Այսինքն` սահմանը կամերայի հույսո՞վ են պահելու:
- Այո:
- Իսկ ո՞վ է կամերայով հետեւելու` ով մտավ մեր տարածք, ով անցավ սահմանը, ով դուրս եկավ:
- Սահմանապահներն են նայելու:
- ՔՊ-ական Լուսինե Բադալյանը գրել էր, որ եկել է Կիրանց, հանդիպել կիրանցեցիների հետ եւ հիացած ու փառավորված է, թե ինչ աշխատանքներ է կատարել ՔՊ-ական իշխանությունը: Ինչի՞ մասին է խոսքը: Դու էլ իրեն հրավիրել ես, որ նորից գա «հիանալու»:
- Հա, ինքն արդեն մեկ անգամ եկել հիացել է, հետո` հպարտացել: Կանգնել են կիրանցեցիներին պատկանող հողում, այն հատվածում, որի կեսն Ադրբեջանին են տվել, այդ հատվածում էլ նկարվել էր եւ նշել, որ կիրանցեցիների հետ է նկարվել: Հետո Լուսինե Բադալյանը հարցազրույց է տվել ու ինձ անվանել «Երիտասարդ ընդդիմադիր կին»: Ինձ ճանաչողների մոտ այդ արտահայտությունը միայն զավեշտ ու ծիծաղ է առաջացրել: Այո, ես ընդդիմադիր եմ, բայց ոչ այն կոնտեքստում, որում Լուսինե Բադալյանն է ասում՝ ինձ փորձելով կապել տարբեր ընդդիմադիր ուժերի հետ: Նախորդ զրույցում էլ նշել եմ, որ ՀԱԿ եմ ընտրել, նորից հիշեցնեմ Բադալյանին, որ ո՛չ դաշնակցական եմ, ո՛չ էլ հանրապետական:
- Ասենք՝ երիտասարդ ընդդիմադիր կին, հետո՞: Եվրոպական արժեքներից խոսող իշխանության ներկայացուցիչն իրավունք ունի՞ նման կերպ սորտավորել մարդկանց:
- Լուսինե Բադալյանն ասում է նաեւ, որ կիրանցեցիների է տեսել, այն դեպքում, որ ոչ մի կիրանցեցի իր հետ չի հանդիպել, կիրանցեցիներն անգամ իր այցի մասին չեն իմացել, ես հավաստիացնում եմ Ձեզ:
- Այսինքն` անգամ տեղյակ չեք եղել, որ պատգամավորները եկել են:
- Այո, միայն հետո` Ֆեյսբուքում նկար հրապարակելուց հետո ենք իմացել: Գնացել, մի անկյունում նկարվել են` իրենք իրենցով, ու հեռացել: Իբր սահման են գծել, դրանից ուրախանում են, իբր սահմանապահներ կան, վտանգ չեն զգում: Ի՞նչ ասես, հպարտանում են մարդիկ, թողնենք՝ հպարտանան: Ոչինչ, որ մեր հողերը, մեր տները տվել են Ադրբեջանին, կարեւորը՝ իրենք հպարտ ու երջանիկ լինեն:
- Իսկ գյուղում, ի՞նչ բարոյահոգեբանական վիճակ է:
- Այս պահին ամենամեծ հարցը կիրանցեցու համար դպրոցի հարցն է: Հատկապես նրանք, ովքեր երեխա ունեն, անհանգիստ են: Երեխան դպրոցում պետք է խաղա, 30 մետր այն կողմ Ադրբեջան է: Մեծ հոգեբանական խնդիր կա, չափահաս մարդը գուցե կարողանա հաղթահարել այդ ամենը, երեխաներից մեկի պապիկն է զոհվել ադրբեջանցու ձեռքով, մեկի` քեռին, մյուսի` հորեղբայրը: Այդ երեխան ո՞նց կարող է ընդունել ադրբեջանցուն:
- Իսկ անվտանգության հարցը:
- Դա էլ՝ մի կողմից: Երեխան եթե անգամ չհասկանա, որ վտանգավոր է, մեկ է` կա մեծ հոգեբանական խնդիր այստեղ:
- ՔՊ-ականներին ինչո՞ւ, օրինակ, Կիրանցի դպրոց չեք հրավիրում, գուցե գան՝ դպրոցի տարածքում էլ հպարտանան:
- Իրենց գյուղացին, քաղաքացին, ոչ ոք չի հետաքրքրում: Եկել են՝ համոզվելու, որ բարեհաջող հողերը տվել են, ու վերջ…. իրենց ոչ մի բան հետաքրքիր չէ: Եթե նրանք ուզենային լսել մարդկանց խնդիրը, կլսեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել