«Փշալարն արդեն քաշել են, գրեթե գյուղ են հասնում։ Պատն էլ են շարում։ Այլընտրանքային նոր կառուցվող ճանապարհին համահունչ պետք է անեն, ճանապարհի արդեն 70 տոկոսը սարքել են»,- մեզ պատմեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
Փաստացի Կիրանցի հիմնական ճանապարհից հայ ժողովուրդն այլեւս չի օգտվում, այն հանձնվեց Ադրբեջանին։ Օրեր առաջ Կիրանց էր մեկնել Բագրատ սրբազանը, համոզվելու՝ ճի՞շտ են արդյոք Փաշինյանի ցույց տված նկարները՝ Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին փշալար, ցանկապատ սարքելու վերաբերյալ։ Բագրատ սրբազանը լրատվամիջոցների հետ միասին շրջել էր սահմանային գյուղերում ու ոչ մի փշալար էլ չէր գտել։ Մինչդեռ Կիրանցի գյուղապետն այլ բան է պատմում․ «Սրբազանը երբ եկավ, փշալարը կար, ուղղակի չէր երեւում։ Հիմա արդեն դիմացից լավ, պարզ երեւում է»։
Տավուշի մարզում՝ Բաղանիս-Կիրանց հատվածում արդեն տեւական ժամանակ է՝ բանակի զինծառայողների փոխարեն ԱԱԾ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում։ Շահինյանն ասում է` սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանին իրենք չեն կարողանում մոտենալ։ Կիրանցի գյուղապետը ենթադրում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին էլ թույլ չեն տվել սահմանին մոտենալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ Տավուշ կատարած այցի ժամանակ փշալարը չի եղել, իրենցից հետո են բերել։ «Մեր գնալուց հետո զանգեցին, ասացին, որ փշալար են բերել գյուղ։ Դա տեղի է ունեցել մեր գնալուց անմիջապես հետո։ Այս մարդիկ խնդիր ունեն՝ ցույց տալու, թե գործ են անում։ Փաստացի մեր՝ այնտեղ գտնվելու ժամանակ չի եղել»,- ասաց Դանիելյանը։
Խոսելով Տավուշի հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի դուրսբերման ու ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու մասին՝ պատգամավորն ասաց․ «Մինչեւ սահմանապահների գալը եղած առաջնագիծը կահավորված է եղել, որը պատերազմի դեպքում կարող էր թշնամուն դիմակայել։ Եղել են խրամատներ, տարածքն ականապատված է եղել, առաջին գիծ, երկրորդ գիծ է եղել, այլ անվտանգային համակարգեր են եղել, որը հնարավորություն է տվել թշնամուն հետ շպրտել։ Թշնամին նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ, սահմանապահը չի կարող դիմագրավել նրանց սադրանքներին։ Պատասխանատվությունը բարդելու են հայկական կողմի վրա ու հարձակում անեն ավելի բարենպաստ դիրքերից՝ թիկունքում ունենալով մեր կահավորված ու բարենպաստ դիրքերը»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած վերջին այցի ժամանակ հանդիպել էր նաեւ սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչներին, հուսադրել, թե Ադրբեջանի դիմաց ցանկապատ քաշելուց հետո թշնամու հարցերը կլուծվեն։
«Ոսկեպարում սենց վիճակ ա․ ցանկապատը՝ քաշած, երկրի սահմանը՝ հստակ, անվտանգությունը՝ ապահովված, ո՛չ կով կանցնի, ո՛չ մարդ կանցնի, գիշերները մարդիկ հանգիստ կքնեն»,- ասել էր նա։ Ավելի վաղ էլ Փաշինյանն ասել էր, որ եթե Կիրանցում չեն ցանկանում տեսնել ադրբեջանցիներին, թող դպրոցի դիմաց՝ սահմանի երկայնքով ծառ տնկեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել