Երեքշաբթի կայացած նիստն անցել է գերլարված մթնոլորտում, Փաշինյանի պահանջով՝ նիստին ներկա են եղել Սյունիքից ընտրված պատգամավորները, կուսակցական պաշտոնյաներ, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի։ Թեպետ պաշտոնական հաղորդագրությամբ ոչինչ չասվեց. «Հունիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության Սյունիքի մարզի տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր»։ Սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վարչությունը որոշել է լուծարել ՔՊ տարածքային կառույցը՝ հանձնարարելով նոր կառույց ձեւավորելու աշխատանքներ սկսել։ Վարչության նիստին ներկա են եղել Կապանի տարածքային խորհրդի նախագահ Նարեկ Դավթյանը, ով մարզպետարանի երկարամյա աշխատակիցներից է՝ իշխանափոխությունից հետո է տեղավորվել մարզպետարանում` ֆինանսական բաժնի պետն է, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, ՔՊ-ական սյունեցի պատգամավորներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Ղահրամանյանը, ինչպես նաեւ՝ Կապանի տարածքային խորհրդի անդամ չհանդիսացող պատգամավոր Մարինա Ղազարյանը եւ մարզպետը։
Նիկոլ Փաշինյանը խիստ խոսակցություն է ունեցել կուսակիցների հետ՝ ՔՊ տարածքային կառույցում տիրող խայտառակ վիճակի եւ հատկապես այդ մասին իրեն չտեղեկացնելու համար։ Գրավոր նկատողություններ են ստացել Նարեկ Դավթյանը, Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանին էլ բանավոր նկատողություն է տրվել՝ իրավիճակը «վերեւներին» չզեկուցելու համար։ Մարզպետը եւս զերծ չի մնացել հանդիմանություններից։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ավելի խիստ վերահսկողություն սահմանել կուսակիցների շարժի նկատմամբ, ասել է, որ այսուհետ ինքն է լինելու ամեն ինչի համար պատասխանատուն։ Պատմում են, որ Փաշինյանն այնքան է փրփրել, որ անգամ ցանկացել է Նարեկ Դավթյանին հեռացնել կուսակցության շարքերից, մարզպետ Ղուկասյանն է միջնորդել՝ ներողամիտ գտնվել Դավթյանի նկատմամբ, եւ Փաշինյանին խնդրել է նրան չհեռացնել։ Մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանին հասցրել են նաեւ Նարեկ Դավթյանի քրոջ՝ Կապանի նոտար Օքսաննա Դավթյանից կապանցիների դժգոհությունների մասին։ Ի դեպ, վերջինիս նոտարական գրասենյակը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թույլտվությամբ ժամանակին տեղակայվել էր մարզպետարանի շենքում, իսկ հետո՝ արդեն հեղափոխական եղբոր շնորհիվ, նոտարը մինչ օրս մնացել է մարզպետարանում։
Նարեկ Դավթյանից փորձեցինք պարզել իր ղեկավարած կուսակցական կառույցը լուծարելու պատճառների մասին, սակայն նա, լսելով հարցը, պատասխանեց, թե տեղը հարմար չէ, իսկ ավելի ուշ չպատասխանեց մեր զանգերին։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կապանում կուսակցական ժողովի ժամանակ ասել է, որ պետք է այսօրվանից սկսել առաջիկա համապետական ընտրություններին պատրաստվելը: Հաջորդ` հերթական ընտրությունը լինելու է 2026 թվականին, սակայն արդեն ժամանակն է: Եվ հորդորել է մարզի ՔՊ-ականներին` մի կողմ դնել անձնական տարաձայնությունները եւ կուռ կառույց ձեւավորել ու միասնական աշխատանքի արդյունքում բարձրացնել կուսակցության վարկանիշը, սակայն վերադառնալով Երեւան՝ հասկացել է, որ այդ կառույցով հնարավոր չէ հաղթել ընտրություններում, եւ որոշել է պատժել մարզում ներկուսակցական անկառավարելի մթնոլորտի պատասխանատուներին, որպեսզի մյուսների համար դաս լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել