Tert.am-ը գրում է․

«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։

Տեղեկությունը հայտնում է «Pars today»-ը։

«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել։ Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է»,– ասել է նա:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր:

Մինչդեռ, ըստ նրա, արևմտյան երկրները տարբեր նարատիվների միջոցով փորձել են Իրանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ հարցն այժմ դուրս է եկել օրակարգից։

Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել