168.am-ը գրում է․

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Երբ խոսում են հողամասի, տան մասին, կադաստրի վկայականը հասկանում եմ, բայց երբ խոսում են իմ պապերի ու իմ հայրենիքի մասին, չեմ հասկանում։ Անձամբ ինձ համար այս հողի վրա ապրելու համար կադաստրի վկայական պետք չէ։ Իմ պապի գերեզմանն ինձ համար կադաստրի վկայական է։ Ո՞վ է գրելու, մեզ տա կադաստրի վկայական ճիշտ արտահայտություն չէ։
  • Մեր պատմությունը ցույց է տալիս, որ մենք երբեք էլ չենք կողմնորոշվել՝ որտեղ է մեր տեղը, ում հետ մենք պետք է լինենք։
  • Հույս ունենալ, որ գերտերություններից որևէ մեկը կասի՝ դուք արդեն կադաստրի վկայական ունեք, մենք ձեզ տեր ենք կանգնում, որ որևէ մեկը չի չեղարկի այն, չեմ հավատում։
  • Խոր համոզմունք ունեմ՝ խեղճի դիրք գրավողին երբեմն խղճահարության ինչ-որ չափաբաժին են տալիս, բայց երբ տեսնում ես, որ դիմացինդ իրեն անընդհատ է խեղճի դիրքում պահում, հոգնում ես նրան օգնելուց։
  • Հայ-ադրբեջանական այս կոնֆլիկտը ո՞ւմ է ձեռք տալիս․ մեզ ձեռք չի տալիս, ադրբեջանցիներին, կարծում եմ, նույնպես։ Գերտերություններից շատերին ձեռք է տալիս, որպեսզի մեկը մյուսի հետ ունեցած հարաբերությունները պարզեն մեր դաշտում։
  • 2020թ սեպտեմբերի 27-ից՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և մինչև նոյեմբերի 9-ը քար լռություն էր աշխարհի կողմից։
  • Ես բրիտանացիների նկատմամբ լավ կարծիք չունեմ նրանք առաջին պլանում չեն երևում, բայց ինչպես պապս կասեր, նրանց մատը խառն է այս ամենի մեջ։ Երբ Զորավար Անդրանիկի զորքը կանգնած էր Հագարի գետի վրա ու պետք է գնար Շուշի, բրիտանացի գեներալ Թոմսոնն ասաց՝ եթե հայկական զորքը մի քայլ առաջ գա, Ազգերի լիգայում Հայկական հարցը չի քննարկվի։

  • Աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական ու տնտեսական մոտիվացիաները, քաղաքականությունները չպետք է տարանջատել իրարից․ դրանք սերտաճած են միմյանց հետ։
  • Այսօր ադրբեջանական նավթն ու գազն ինչ-որ ճանապարհներով գնում են Եվրոպա հարց է առաջանում՝ ո՞ր ճանապարհով։
  • Տիգրանաշենով անցնող ճանապարհը բուն գյուղից 50-100 մետր է հեռու։ Չգիտեմ՝ անկլավ կոչվածը ճանապարհի ո՞ր հատվածն է ներառում, բայց երբ գնում են բանակցությունների, հարցը պետք է հստակ դնել ու նշել՝ որտեղ պետք է լինի ենթադրյալ սահմանագիծը։
  • Եթե որպես անկլավ՝ Տիգրանաշենը լինելու է նրանցը, խմելու ջուրը որտեղի՞ց են ստանալու մեր տարածքից, չէ՞․․․ Ես, օրինակ, չէի տա։ Կիրանցը որ տան, Կիրանցում ապրող ադրբեջանցին իր անասունները որտե՞ղ է արածացնելու, մեր հողո՞ւմ․․․ չպետք է թույլ տալ:
  • Մենք հողեր ունենք Տավուշի մարզի որոշ հատվածներում, որոնք չեն մշակվում։ Կադաստրի վկայական ունեն այդ գյուղացիները, բայց երբ ցորենը հասնում էր, ադրբեջանցիները դրանք հրդեհում էին։ Այդպես էլ մնացին անմշակ։
  • Իրականությունը շատ ավելի դաժան է, քան հրապարակվում է։ 1992-93թթ․ ադրբեջանական դիրքերն այնպիսին էին, որ անընդհատ այդտեղից գնդակոծվում էին մեր տարածքները։
  • Տարիներ հետո, երբ Հյուսիս-Հարավ ճանապարհը վերջնական տեսք ունենա, կարող է՝ այս ճանապարհների համար այդքան լաց չլինենք, բայց դրա համար տարիներ են պետք, իսկ այդ ընթացքում մենք հսկայական կորուստներ կունենանք, այդ թվում՝ տնտեսական։
  • Որքան էլ Իրանը հայահաճո դիրք է գրավում, բայց բոլոր դեպքերում վերջերս ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ նոր տրանսպորտային ուղիներ էր փնտրում։
  • Ո՞վ է շրջափակված՝ Հայաստա՞նը, թե՞ Նախիջևանը․․․ Իհարկե Հայաստանը։ Նախիջևանը երբեք շրջափակված չի եղել և չէ։ Միշտ էլ ազատ կապ է եղել։
  • Որոշ մարդիկ կաբինետներում նստած՝ ինչ-որ սխեմաներ են գրում, բեռների ծավալներ են հաշվարկում… Չինաստանից մոտ ապագայում մեծ բեռնաշրջանառություն չի սպասվում, որովհետև ԱՄՆ-ն է որոշում՝ ով և ինչպես շփվի Չինաստանի հետ։ Այնպես որ, այդ երկաթգիծն ունի քաղաքական նշանակություն։
  • Ես կողմնակից եմ, որ Արծվաշենը մնա Ադրբեջանում, մնացածը մերն են:
  • Չպետք է բացառել, որ անկլավի ու մայր ժողովրդի միջև կոնֆլիկտներ կլինեն, և, որ դրանք վաղ թե ուշ կվերածվեն լայնածավալ պատերազմի։
  • Արծվաշենը Վահան գյուղի հետ մի 7 մետրանոց ճանապարհով է կապվում։ Եթե ադրբեջանցի մի երեխա քարով խփի արծվաշենցու մեքենայի անիվին, արծվաշենցիները կթողնեն-դուրս կգան այդտեղից։
  • Քարտեզներով հնարավոր չէ առաջնորդվել, պետք է իրավական հիմքերը, փաստաթղթերը հաշվի առնել. հաճախ քարտեզները փոխվում են, որպեսզի ռելիեֆի առավել ճշգրիտ պատկեր ունենան։
  • Երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանին ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանցիները համարձակվեցին առևանգել, բայց հողերը մեզ հետ վերադարձվեցին։
  • Ես համամիտ չեմ, որ մինչև տարեվերջ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կկատարվեն դա հսկայական աշխատանք է պահանջում։
  • Երկարատև խաղաղությունը մեր և Ադրբեջանի պարագայում շատ հեղհեղուկ հասկացություն է։ Եթե նույնիսկ երաշխավոր կլինի, այն պահին, երբ երաշխավորի շահերը փոքր-ինչ խաթարվեն, պատերազմը նորից կսկսվի։ Պատերազմից խուսափելու միակ միջոցն ուժեղ բանակն է։ Միակ երաշխիքը սուրը միշտ պատյանից հանած պահելն է։ Ի վերջո, քաջերը սահմանը գծել են ոչ թե գրիչով, այլ սրով։ Սա մեր ճակատագիրն է։ Ո՛չ կարող ենք մեր տեղը փոխել, ո՛չ հարևաններին։
  • Կապանի օդանավակայանից թուրքերին մոտիկ գյուղը 100 մետր այն կողմ է։
  • Ճանապարհը չի կարելի հեռացնել, այն պետք է պահել։ Երբ ճանապարհը հեռացնում ես, տարածք ես կորցնում։ Մարդիկ հեռանում են, թշնամին առաջ է գալիս։
  • Չկա մի դետալ, որը չի կարելի քննարկել։

  • Համախմբում է պետք, եթե չհամախմբվենք, շատ մեծ կորուստներ կունենանք։
  • Երբ մարդիկ սկսում են մտածել՝ իմ խրճիթը գյուղի վերջում է, ինձ ոչինչ չի լինի, վերջը հենց այդ գյուղից էլ սկսվում է։
  • Արցախցիները երկու ճանապարհ ունեն՝ պայքարել իրենց անկախության համար, կամ լքել Արցախը։ Եթե լքեն Արցախը, Հայաստանի վիճակը կծանրանա։
  • Արցախցիները մեծից փոքր պետք է համախմբվեն նույն գաղափարի շուրջ։
  • Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հայ հերոսների 40 տոկոսը արցախցիներ էին, որովհետև երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանի զինկոմը ռազմաճակատ ուղարկեց հենց արցախցիներին։
  • Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու․ կարողանալո՞ւ ենք պայքարել, չի լինի Ադրբեջանի կազմում, կկոտորվե՞նք, էլի տարբերակ է չլինելու նրա կազմում։ Պետք է պայքարել լինելու համար։
  • 1990-ականների սկզբներին էլի շատ ծանր իրավիճակում ենք եղել։ Համախմբվածության արդյունքում կարողացանք այնպես անել, որ 1994թ.-ի վերջերին Ադրբեջանն ինքն էր խնդրում հրադադար կնքել։ Ցավում եմ, որ հիմա մենք այդ պահը բաց թողեցինք։
  • Մեր հիմնական դժբախտություններից մեկն այն է, որ վաղվա, ապագայի նկատմամբ մենք հույս չունենք։ 1990-ականներին մեր աջակիցը մեր հույսն էր։ Հիմա դա չկա։
  • Պետք է ստեղծվեն բյուրեղացման կենտրոններ։ Պարտադիր չէ, որ դրանք ձևավորվեն ընդդիմության և իշխանության կենտրոններում։ Դրանք պետք է իշխանություն-ընդդիմությունից վեր կանգնած լինեն։
  • Յուրաքանչյուրս պետք է կարողանանք մեր քաղաքական ու անձնական հակակրանքները մի կողմ դնել, այդ ժամանակ մի բան կստացվի։ Իրականությունից կտրվել, վեր բարձրանալը ահավոր դժվար բան է։

  • Եթե Աշոտն իմ զավակը լիներ, անկախ նրանից՝ տիկին Գայանեն սխա՞լ է արել, թե՞ ճիշտ, ես կգնայի նրանից ներողություն կխնդրեի, կասեի՝ խոնարհվում եմ էդ կնոջ ու նրա զավակի շիրիմի առաջ, ու մոռանանք այս պատմությունը։
  • Փաշինյանի՝ Թուրքիա այցելությունը զրոյական նշանակություն ունի։ Նրանք ասում են՝ մենք կանգնած ենք մեր փոքր եղբոր թիկունքին ու ամեն ինչ անելու ենք, որ նրանց համար լավ լինի։ Ու միշտ այդպես է լինելու։ Մեր պապերն ասում էին՝ թուրքը միշտ էլ թուրք է։ Երբևիցե թուրքերը, նրանց ղեկավարները հայի նկատմամբ լավ վերաբերմունք չեն ունենալու։
  • Անփորձությունն ու գիտելիքների պակասը միշտ բերում են լրջագույն սխալների։
  • Ես մեծագույն հարգանք ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Երբ ինձ աշխատանքի նշանակեցին, նորերը կառավարությունում 30 տոկոսն էին կազմում։ Բախտ եմ ունեցել աշխատել Ջանիկ Ջանոյանի, պարենի նախարար Շահբազյանի հետ, ով եթե չլիներ, Հայաստանը 5 օր անց սովի կմատնվեր։ Նոր նշանակված նախարարներն աշխատում էին նախկինների հետ, որոնք ոլորտների խնդիրներին լավագույնս տիրապետում էին:
  • Երբ կաբինետներում նստած՝ մեծ-մեծ խոսում են տարածքի, այդ տարածքի ճանապարհի կառուցման մասին, ուզում ես հարցնել՝ այդ տարածքում, ճանապարհին 10 րոպե եղե՞լ են…
  • Ջուրն էլ է քարը ծակում, բոլորս պիտի Հայաստանի արխիվները քրքրենք։
  • Ես վախենում եմ, որ լավագույն համալսարաններում կրթություն ստացած շատերը չեն ծառայում Հայաստանի շահերին, այլ ծառայում են այն երկրների շահերին, որոնք իրենց տվել են այդ կրթությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել