Tert.am-ը գրում է․
Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Բայրամովը նշել է, որ «Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ հայտարարությամբ, ամբողջությամբ չի դուրս բերել իր ուժերն Ադրբեջանի տարածքից, դեռևս օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի ութ գյուղ և կանոնավոր կերպով շարունակում է իր ռազմական և քաղաքական սադրանքները» (չակերտները Tert.am-ի)։
Նա նաեւ անդրադարձել է վերջերս Հայաստանի տարածք մտած երկու ադրբեջանցիներին ու հայտարարել է, որ «երկու ադրբեջանցի զինծառայողներ գերի են ընկել, գերիներից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել» (չակերտները Tert.am-ի)։ Բայրամովն «ընդգծել է ադրբեջանցի զինվորականների անհապաղ ազատ արձակման կարևորությունը» (չակերտները Tert.am-ի):
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի կնքված եռակողմ հայտարարությունը, մասնավորապես 8-րդ կետը՝ «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: Ադրբեջանական դատարանի ապօրինի վճիռներով դեռևս բանտերում են պահվում բազմաթիվ հայ գերիներ։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող, վերջինս ևս հայտնաբերվել և ձերբակալվել է: