168.am-ը գրում է․
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տարոն Սեդրակի Ղարիբյանին։
Ուրցաձորի բնակիչ Ռազմիկ Հակոբյանը, որը նաև Ուրցաձորի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Տարոնը մասնակցել էր 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին և հրաշքով փրկվել էր, նրա զորացրվելուն 1 ամիս էլ չէր մնացել։
«Տարոնը շատ համեստ, շատ խելացի տղա էր։ Իրենք իմ հարևանն են, իրենց քրտինքով աշխատող ժողովուրդ են։ Տարոնն ունի 2 եղբայր, 1 քույր, ինքը փոքրն էր։ Երկու եղբայրները պատվով ծառայել, վերադարձել են, ինքն էլ փետրվարին պետք է գար․․․
Դեպքի օրը իրեն ընդամենը 24 օր էր մնացել, որ զորացրվեր»,- ասաց Ռազմիկ Հակոբյանը։
Զոհված զինծառայող Տարոն Ղարիբյանի հուղարկավորությունն այսօր է՝ Ուրցաձորի ընտանեկան գերեզմանոցում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: