Աշխարհագետ Լեւոն Գալստյանը, որ «Արծվանիկի» պոչամաբարի խնդիրներին ու նրա հասցրած վնասներին քաջատեղյակ է, ասում է, որ պոչամբարից թափոնների արտահոսք միշտ է եղել ու կա նաեւ այժմ: Բացատրում է. «Բանն այն է, որ պոչամբար հասնող պոչանքների կարծր հատվածը նստվածք է տալիս, մնում պոչամբարում, հեղուկ զանգվածը դեպի Աճանան է հոսում: Եվ եթե ուշադիր նայեք, ապա վտակի գույնն անգամ տարբեր է՝ մինչեւ պոչամբար մաքուր, պոչամբարից հետո՝ արծաթագույն, եւ դա՝ դեռ անզեն աչքով: Չնայած ԶՊՄԿ-ից հավաստիացնում են, թե իրենք համապատասխան մարմնից սահմանված չափի արտանետումների թույլտվություն ունեն, բայց մի շարք դեպքեր են եղել, երբ լաբորատոր քննություն է կատարվել, ու պարզվել է՝ ծանր ու վնասակար մետաղներով հարուստ կեղտաջրերը գերազանցում են սահմանված թույլատրելի կոնցետրացիաները: Իհարկե, նաեւ վթարներ են լինում, պոչանքը դեպի պոչամբար տանող խողովակներն են պայթում, վնասվում, ծակվում, ու դա էլ իր հերթին է հավելյալ աղտոտում միջավայրը: Այն, որ այդ պոչամբարից ամենօրյա ռեժիմով Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի, տարբեր քանակի պոչանքային ջրեր են լցվում, փաստ է»:
Ինչ վերաբերում է լիազոր մարմնին՝ Բնապահպանական եւ ընդերքի տեսչությանը, ապա կառույցից նախ լսեցին մեր հարցը, խոստացան մինչեւ օրվա ավարտ պատասխանել, ապա աշխատանքային ժամի ավարտին մոտ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: Իհարկե, մենք դա չարեցինք ու չենք էլ պատաստվում անել, քանի որ բնապահպանությունը կարեւորող գերատեսչությունը ոչ թե գրավոր հարցումների հետեւից պետք է ընկնի ու մի քանի օր անց միայն պատասխանի՝ ինչ է կատարվել կամ կատարվում, այլ հենց նույն պահին գնա ահազանգի հետեւից, պարզի եղելությունն ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի: Տեսչական մարմնի՝ մեզ տված արձագանքն, ի դեպ, այդ կառույցի աշխատելաոճի, իսկ իրականում պարապուրդի մատնված վիճակի մասին է վկայում:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանին, ապա պետք է նկատել, որ նրան ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչեւ իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի, հիմա է՛լ բնապահպանական խնդիրները չեն մտահոգում: Դեռ կանդրադառնանք պղնձամոլիբդենային կոմբինատի վնասարար գործունեությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել