Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ-ը հպարտ է Թայվանի հետ իր ամուր բարեկամությամբ և չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Մեր պատվիրակությունը, որով ես շատ եմ հպարտանում, եկել է Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր հանձնառությունից, մենք շատ հպարտ ենք մեր ամուր բարեկամությամբ», – ասել է Փելոսին կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ Թայբեյում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով թայվանական լրատվամիջոցներին:

Իսկ մինչ հանդիպումը Թայվանի ղեկավարը Փելոսիին է շնորհել կառավարական մեդալ՝ Երանելիների օրդենի շքանշան՝ Վաշինգտոնի և Թայբեյի միջև հարաբերությունները խթանելու գործում մատուցած ծառայությունների համար:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայբեյի օդանավակայանում։ ԱՄՆ վարչակազմը, որին Չինաստանի առաջնորդը զգուշացրել էր, որ «կրակի հետ խաղալը սպառնում է հրդեհով», վստահեցրել է Պեկինին «մեկ Չինաստանի» քաղաքականությանը հավատարիմ լինելու մեջ, սակայն այցի հետ կապված՝ ասել, որ խոսնակն անձամբ է որոշումներ կայացնում։

ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը և միշտ դեմ է Թայբեյի ներկայացուցիչների և այն երկրների զինվորականների ու պաշտոնյաների ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ ունի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել