Մենք որոշել ենք ՀԱՊԿ-ին դիմել և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք: Համոզված եմ, որ սա ժամանակի հարց է, հնարավոր է, որ որոշ ձգձգումներ լինեն, բայց ընդհանուր առմամբ՝ ամբողջ խնդիրը կկարգավորվի: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀԱՊԿ դիմելու որոշման մասին:

Ադրբեջանական կողմին կտրուկ պատասխաններ տալու մասով Գրիգորյանը շեշտեց, որ կտրուկ պատասխանելու փոխարեն պետք է խնդրի ամբողջական լուծումը հասկանալ: «ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցների հետ միանշանակ այս խնդիրը լուծելու ենք, մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սրանք ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունեն»:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի 2-րդ կետով, ոչ թե 4-րդ, նշեց՝ քննարկումներից հետո եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է երկորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին:

«Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա և հավելեց, որ խորհրդատվություններից, քննակումներից հետո հույս ունեն, որ մոտ օրերս արձագանք կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել