Բելառուսը պատրաստ է մյուս երկրներին «որոշակի, անհերքելի փաստեր» տրամադրել, որոնք բացահայտում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին արտասահմանից միջամտության հանգամանքը: РИА Новости-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳՆ-ն:
«Առաջարկում ենք օբյեկտիվորեն և առանց հուզումների պարզել, թե ինչ և ինչու է այսօր տեղի ունենում Բելառուսում: Պատրաստ ենք կառուցողական և օբյեկտիվ երկխոսություն վարել այս հարցով մեր բոլոր արտասահմանյան գործընկերների հետ: Պատրաստ ենք հստակ և անհերքելի փաստեր ներկայացնել, որոնք բացահայտում են ներկայիս իրադարձությունների աղբյուրը, այդ թվում և միջամտությունն արտասահմանից»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բելառուսում երրորդ օրն անընդմեջ չեն դադարում բողոքի ցույցերը, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը:



