Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգերի ձեռքբերումն առաջացնում է «լուրջ բարդություններ» ՆԱՏՕ-ում, The National-ին հայտարարել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ռայան Մակքարթնին՝ հավելելով, որ Անկարայի հետ բանակցությունները շարունակվում են։

«Թուրքիայի կողմից Ս-400-ի ձեռքբերումը զգալիորեն բարդացնում է հարաբերությունները»,-ասել է նա։ Մակքարթնին ընդգծել է այդ խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը, սակայն ասել, որ ԱՄՆ վարչակազմը կշարունակի դիտարկել այլ տարբերակներ։

Անցած շաբաթ մի խումբ սենատորներ նամակ են գրել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին՝ կոչ անելով «հեռացնել Թուրքիային F-35 Lightning II Joint Strike Fighter-ի մատակարարումների շղթայից» Ս-400-ը ձեռքբերելուց հետո։ «Սիրիայում մարդու իրավունքների խախտումները, կամայական ձերբակալություններն Անկարայում, համագործակցությունը Ռուսաստանի հետ վկայում են, որ Թուրքիան չունի պատասխանատու սուբյեկտի վարքագիծ եւ չի համագործակցում Արեւմուտքի հետ այն մակարդակում, որը մենք ակնկալում էինք ՆԱՏՕ-ի դաշնակցից»,-ասվում է նամակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել