Livenews.am-ը գրում է․
ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունը (Սորոսի հիմնադրամը) և արևմտյան այլ կառույցներ բացահայտորեն աջակցում, որոշներն այդ աջակցությունը նաև ֆինանսապես են իրականացնում Հայաստանի այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այլասերման, համասեռամոլության, անբարո կյանքի քարոզչությամբ: Սակայն, «թավշյա հեղափոխություն» հորջորջվածից հետո հիմա եկել են արդեն այլ ժամանակներ, և Արևմուտքը վերոնշյալի առումով այժմ չի բավարարվում սոսկ նրանով, ինչն արդեն Հայաստանում ձեռք է բերել, ինչով զբաղվել ու զբաղվում է մինչ օրս։
Անկեղծ ասած, վերը նշվածի հարցում միայն Արևմուտքին մեղադրելն անազնիվ ու սխալ կլինի․ Եվրամիությունը և արևմտյան այլ կառույցներ Հայաստանում ոչնչի էլ չէին հասնի և առաջիկայում չեն հասնի, եթե այս առումով չլիներ ՀՀ ղեկավարության, կառավարության և Ազգային ժողովի թողտվությունը, անգործությունը, ինչպես նաև օրենսդրական ոլորտում ՀՀ արդարադատության նախկին ու ներկա նախարարների՝ Արևմուտքի ուզած իրավական ակտերի նախագծերը մշակելու, դրանք առաջ մղելու պատրաստակամությունն ու հաճկատարությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Նկատի ունենալով Ա․ Զեյնալյանի հետ հանդիպած օտարերկրացիների պաշտոնները, կարելի է հասկանալ, թե Եվրոպայի խորհուրդն ինչ կարևորություն է տվել տվյալ հանդիպմանը։
ՀՀ արդարադատության կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Նախարարի խոսքով՝ ներկայիս Կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ»։
«Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ ներկայիս կառավարությունը «Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը» կրելո՞վ է պատրաստվում ընդունել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի 197-րդ հոդվածով համասեռամոլության և այլասերվածության ուրիշ դրսևորումների քարոզչության «իրավունքի» խախտումը, օրինակ, նշված քարոզչությանն ընդդիմանալը, այն թույլ չտալը, այլասերվածների կողմից երեխա որդեգրելու «իրավունքի» խախտումը, «գեյ- շքերթ» անցկացնելու իրավունքի խախտումը քրեորեն պատժելի են համարվում։ Մեր ժողովրդի մի մասը սրա համա՞ր էր ոտքի ելել, «թավշյա հեղափոխություն» կոչվածը սրա՞ համար է արվել․․․ Մեր ժողովրդի մի մասը կամ, թեկուզ, ողջ ժողովուրդը այսպիսի խայտառակ և հակասահմանադրական դրույթի ընդունում պատվիրակե՞լ է ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին․․․ Դե հիմա պատասխան տվեք՝ ՀՀ արդարադատության նախարարից սկսած, մինչև վարչապետ։
2017թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման շրջանում արդարադատության նախարարությունը E-draft.am կայքում հետևյալ հղմամբ հրապարակեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի գլուխ 28-ի (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) 197-րդ հոդվածը («Խտրականությունը») ունի հետևյալ ձևակերպումը.
«Հոդված 197. Խտրականությունը
1․ Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով `
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութանասունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Ընդգծում ենք՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 197-րդ հոդվածը վերոնշյալ ձևակերպմամբ ընդունելու պարագայում քրեորեն պատժելի են լինելու նաև մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նրա սեռական կողմնորոշումից։
Ընդգծում ենք նաև, որ E-draft.am կայքում ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը (ներառյալ՝ 197-րդ հոդվածը) ինչ շարադրանքով եղել, այդ շարադրանքով էլ անփոփոխ մնում է ներկայիս իշխանության օրոք, հենց այս տողերը գրելու պահի դրությամբ, հետևաբար լիարժեք հիմք ունենք համարելու, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպայի խորհրդի հիշյալ պաշտոնյաներին տեղեկացնելով կամ, ըստ էության, խոստանալով, որ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն ընթացքի մեջ են և, կառավարության և օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն, նկատի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի այն նախագիծը, որ այս պահի դրությամբ հրապարակված է E-draft.am պաշտոնական կայքում։
Այսպիսով, ՀՀ քրեական նոր օրենսգիրքը 197-րդ հոդվածի վերոնշյալ ձևակերպմամբ ընդունելու պարագայում հանցագործություն, քրեորեն հետապնդելի արարք է համարվելու խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նաև նրա սեռական կողմնորոշումից, ընդ որում, ևս մեկ ընդգծում` նույնիսկ անուղղակի խախտելը… Սա նշանակում է, որ այդուհետ հանցանք են համարվելու և քրեորեն հետապնդվելու են, ասենք, Երևանի Հանրապետության հրապարակում միասեռականների շքերթ թույլ չտալը, չարտոնելը, երեխա որդեգրելու ցանկության դեպքում միասեռականին մերժելը, Հանրային հեռուստաընկերությունում նրան՝ իրենց սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքի չընդունելը, մանկապարտեզներում դաստիարակ ու դպրոցներում ուսուցիչ աշխատելն արգելելը (եթե արդեն իսկ աշխատում են, սակայն բացահայտվել է նրանց այլասերվածությունը) կամ նույն պատճառով աշխատանքի չընդունելը, որևէ այլասերվածի, նրանց իրավունքների պաշտպանի կամ այլ անձի կողմից միասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչությունն արգելելը, խոչընդոտելը և ավելին… Եթե հաշվի առնենք, որ խոսքը նաև անուղղակի խախտման մասին է, ապա թերևս կարելի է եզրակացնել, որ հանցագործություն է համարվելու նաև վերոնշյալ մերժումների, արգելքների ակնարկն անգամ․․․
Ժողովո՛ւրդ, հաստատ պատրաստ չեք, չէ՞, այսպիսի Հայաստանում ապրելու: Ի՞նչ է, մեր լավագույն տղաներն այսպիսի Հայաստանի՞ համար կռվեցին ու տվեցին իրենց կյանքը: Այս այլանդակություններն իրականություն դարձնելու համա՞ր Հայաստանն անկախություն հռչակեց: Ի վերջո, այսպիսի օրենսգիրք ունեցող մի պետություն կարելի՞ է այլևս Հայաստան համարել…
Հիշեցնենք, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն ընդունել է նաև գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման գործում, իսկ համայն հայության իղձերը հաստատ այսպիսի Հայաստան ունենալը չէ: ՀՀ Սահմանադրության հենց 1-ին հոդվածի համաձայն, հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունում է նաև «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Այսպիսի Հայաստան ունենալը հաստատապես չի մտնում համայն հայության իղձերի ու մեր համազգային նպատակների մեջ:
Ի վերջո, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իրավունք չուներ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացնել-խոստանալ, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը նույնպես, կառավարության և օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, շատ արագ կընդունվի և կյանքի կկոչվի: ՀՀ-ում Սահմանադրությամբ իշխանության ճյուղերը միմյանցից տարանջատված են, որտեղի՞ց է Զեյնալյանին հայտնի, որ անկախ ԱԺ-ում Փաշինյանի քաղաքական թիմի մեծամասնություն ունենալու հանգամանքից, նույն թիմից բազմաթիվ պատգամավորներ ելնելով իրենց խղճից ու համոզմունքներից, դեմ չեն քվեարկի օրենսգրքի նախսգիծը նշված շարադրանքով ընդունելուն։ Եվ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ո՞րն է նրա երաշխիքը, որ ՀՀ նախագահը կստորագրի ԱԺ-ի ընդունած Քրեական օրենսգիրքը և այն «կյանքի կկոչվի», այսինքն՝ կմտնի ուժի մեջ։ Հանրապետության նախագահը հո ՀՀ Արդարադատության նախարարության, կառավարության կամ Ազգային ժողովի կցորդը չէ՞․․․
Արթուր Հովհաննիսյան