Tert.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները Երևանում և ՀՀ-ում իշխանափոխություն էին, մինչդեռ կեղծիքի միջոցով օգտագործում են հեղափոխություն անունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ իշխանափոխություն անելով իրենց մտքում ներառել էին առաջին հերթին արցախյան խնդիրը: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի: 

«Ես կարծում եմ՝ նախապես արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ հող հանձնելու վերաբերյալ: Ես նախորդին էլ եմ մեղադրել, իրեն էլ եմ մեղադրում պետական դավաճանության մեջ, և այս մարդը, ով մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, այդ ժամանակ նույնպես նրան էլ էր մեղադրում պետական դավաճանության մեջ, մինչդեռ այս պահին այդ մասով նա լռել է, և ըստ էության սրանք նույն զույգն են, նույն ծրագիրն են սպասարկում՝ հող հանձնելու ծրագիրը»,-ասաց նա:

Փոստանջյանը փաստերով փորձեց ներկայացնել. «Վերջին յոթ ամիսների ընթացքում Նախիջևանի կողմից ադրբեջանցիները 500 մետր են առաջ եկել, նախկինում դա եղել է 5000 մետր, հետո տարածում են, թե իրենց տարածքում են առաջ եկել, իսկ ո՞վ է ասում, որ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, ինչ է՝ այդքան շուտ մոռանո՞ւմ եք, որ Նախիջևանը հայկական պետականության բաղկացուցիչ մասն է: Եթե նրանք մոտենում են, ապա մոտենում են հատուկ նպատակով։ Գործող իշխանությունը դա կանխելու որևէ քայլ չի արել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել