Yerkir.am-ը գրում է.

Որպես կանոն` աղքատություն ծնող հիմնական պատճառներից է երկարատև գործազրկությունը: Իսկ գործազրկությունն առավել բարձր է սահմանափակ կարողություններով անձանց շրջանում:

Անկախացումից հետո մեր երկրում սոցիալական այս խնդիրը պահպանում է իր համատարած բնույթը: Պատճառները բազմաթիվ են՝ աղքատության և գործազրկության միջին հանրապետական` պահպանվող բարձր մակարդակներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային մատչելիության ցածր մակարդակ և հասարակության ներառական զարգացմանը վերաբերող այլ խնդիրներ, այս խնդիրների լուծմանն ուղղված ոչ բավարար պետական աջակցություն ու պետության թերարժևորված դերակատարություն և այլն:

Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն, ներկայումս հանրապետությունում հաշվառված է շուրջ 188 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Նրանց շուրջ 57 տոկոսն աշխատանքային տարիքի է: Աշխատանքային տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց ընդամենը 12 տոկոսն է վարձու աշխատող:

Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանք է փնտրում շուրջ 3 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Զբաղվածության պետական աջակցությամբ այս անձանցից աշխատանքի է տեղավորվում տարեկան միջինը 200 անձ:

Պաշտոնական վիճակագրությամբ ևս փաստվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումն ունի պետական աջակցության առաջնահերթ և օբյեկտիվ անհրաժեշտություն: Ակնհայտ է նաև, որ շուկայական մրցակցային գործիքները տարիներ շարունակ չեն կարողացել և չեն էլ մեղմել այս խնդիրը: Ավելին՝ հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության պահպանվող` միջինից բարձր մակարդակը սոցիալական այս խմբի համար հանգեցրել է աղքատության` միջինից բարձր մակարդակի: Մյուս կողմից` պետք է փաստել, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումը տարիներ շարունակ եղել է իրավիճակին ոչ համարժեք, իսկ այս խնդրի լուծմանն ուղղված պետական բյուջեի միջոցները՝ ոչ բավարար:

Բնականաբար, այսպիսի իրավիճակում խիստ մտահոգիչ է դառնում այն արձանագրումը, որ 2019 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղվող ծրագրերը և ֆինանսական միջոցները կրճատվել են՝ 2018 թվականի համեմատ:

Մասնավորապես` 2019 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղվող ծրագրերի համար նախատեսված է ընդամենը շուրջ 49 մլն դրամ, իսկ այդ ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը 210 է: Սա այն դեպքում, երբ 2018 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղվող ծրագրերի համար նախատեսված էր շուրջ 104 մլն դրամ, իսկ այդ ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը 940 էր: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ, 2019 թվականին պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվում են ավելի քան երկու անգամ, իսկ շահառուների թիվը՝ ավելի քան չորս անգամ: 

Սակայն այս իրավիճակում, կարծում ենք, պետք է լիներ ճիշտ հակառակ մոտեցումը: Առանձնահատուկ պետք է կարևորվեր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը՝ պետական աջակցության ծրագրերին հատկացվող միջոցների ավելացմամբ, զուգահեռաբար նաև այդ ծրագրերի արդյունավետության հետևողական բարձրացմամբ:

Այս նպատակին կարող է ծառայել նաև գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ապահովման քվոտաների լիարժեք գործադրումը՝ սոցիալական պատասխանատվության շրջանակներում: Պետական կարգավորման այս գործիքը արդյունավետ կիրառություն ունի մի շարք երկրներում: Քվոտայի պահանջը օրենքով ամրագրված է նաև մեր երկրում, սակայն իրականում կյանքի չի կոչվել:

Մեր երկրում օբյեկտիվ անհրաժեշտություն ունի նաև սոցիալական ձեռնարկատիրության (հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածություն ապահովող և սոցիալական նպատակ հետապնդող ձեռնարկատիրության տեսակ) զարգացումը՝ պետական մասնակցությամբ և անհրաժեշտ արտոնություններ նախատեսելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել