Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: 

Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: 
ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը,

2) վստահված անձը,

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,

4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև դեկտեմբերի 12-ը` ժամը 11.00-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել