ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ հանրության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Արա Բաբլոյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները, կարևորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Երկու պետությունների հարաբերությունների խորացման հարցում օրենսդիր մարմնի ղեկավարն արժևորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում:

Արա Բաբլոյանը խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները շարունակական կլինեն:
Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ մեր երկրից հեռանում է լավ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը: Նա համոզմունք է հայտնել, որ երկկողմ բազմադարյա կապերը կշարունակեն առավել զարգանալ  ու ամրապնդվել:

Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր ունի երկրի զարգացման հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել