Շա՜տ երկար, բայց անձնական։ Հեչ չեմ նեղանա, որ չկարդաք։) Կարևորը գրելու գործընթացն էր։

***

Էսօր մի անգամ Երևան գալ փորձելուց ու երկու ժամ տունը մնալուց հետո հասկացա, որ տունը նստել չի լինում, ու որոշեցի մի ձև հասնել Երևան։ Ճանապարհին 2-3 անգամ ավտոստոպ անելուց ինձ հետ էր մի կին, ով Աշտարակից գնում էր Երևան, որ իր թոռանը նայի, որ իր աղջիկը գնա, ցույցերին մասնակցի։ Ճանապարհին հարցրեց՝ «Մուղնիում ե՞ս ապրում», ասացի՝ հա, ասաց՝ «բայց էնտեղից չե՛ս», ասացի՝ «դե, չէ, Հայաստանում չեմ ծնվել»։ Ու էդ խոսակցությունն անցավ-գնաց, բայց ամբողջ օրվա ընթացքում ինչ-որ իմաստով մնաց ուղեղումս։

Ես սովորաբար մարդկանց հետ ծանոթանալիս կարևոր չեմ համարում ասել, որ ես Լիբանանում եմ ծնվել, որովհետև արդեն 10 տարի ա (հեսա 13 օրից ) ստեղ եմ ապրում ու Հայաստան եկել եմ 10 տարեկանում, որը, համեմատած շատ մարդկանց հետ, շատ փոքր տարիք ա։ Համարել եմ, որ սփյուռքում ծնված լինելս մտածելակերպիս վրա ազդեցություն ունեցել ա, բայց նաև համարել եմ, որ դրա չափ և միգուցե ավել ազդեցություն են ունեցել իմ՝ Հայաստանում ապրած տարիները, ու դրա համար չէի մտածում, որ էդ էական ա։ 
Բայց էսօր հասկացա մի բան, որ շատ կուզեի շուտ հասկացած լինեի ու շատ կուզեի՝ սփյուռքում էդ շուտ հասկանային։ Նախօրոք ասեմ, որ սա վերաբերում ա սփյուռքում առկա Հայաստանի հանդեպ ընդհանրական (կոլեկտիվ) վերաբերմունքին։

Սփյուռքում բոլորս մեծանում ենք «գեղեցիկ Հայաստան, վարդագույն քաղաք Երևան» ռոմանտիզմի տակ։ Բոլորս մեծանում ենք՝ երազելով մեր պատմական հայրենիքում ապրելու մասին, բայց երբեք չմտածելով, թե էդ ապրելն ինչպես է ստացվելու։ Մեծանում ենք՝ մտածելով, որ մենք ուրիշ տեղի չենք պատկանում, որ մեր իրական տունը Հայաստանն է, բայց առանց իրականում իմանալու, թե Հայաստանն ինչ է, որովհետև էն հայրենիքը, էն Հայաստանը, որի մասին սփյուռքում երազում են, գոյություն չունի։ Էդ հայրենիքը չոր աշխարհագրական տարածք ա, որն իրանից ենթադրում ա Արարատը, Սևանա լիճը, հարուստ պատմությունը, էս վերջերս՝ մեկ-մեկ Ամբերդը, ու Արևմտյան Հայաստանը։ Էդ հայրենիքը հեռվից շատ սիրուն ա, բայց «արեգակին պետք է հեռվից նայել սկզբունքով» շատ դժվար ա էնտեղ ապրել։ Ու էդ հայրենիքի մարդկանց մասին խոսք, ինչ-որ, չի գնում, իսկ եթե գնում է, շատ հաճախ գնում է բացասական երանգով, կարծես էդ մարդիկ արժանի չեն ռոմանտիզմով պատկերված այդ հայրենիքում ապրելու։ 
Ու չիմանալով, թե Հայաստանն ինչ է, տարին անցկացնում ենք ռազմահայրենասիրական երգեր երգելով, հայկական պարեր պարելով, սկաուտության գնալով, իսկ ամառները լավ դեպքերում տոմս ենք առնում, թռնում-գալիս ենք Հայաստան, հիանում ենք գեղեցիկ բնությամբ ու հետ ենք գնում։ Մինչև շարունակելս նշեմ, որ, հա՛, հնարավոր ա, որ առանց ռոմանտիզմի միգուցե հնարավոր չէր լինի սփյուռքում հայություն պահպանել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց, անկախ ամեն ինչից, եթե մենք հայրենադարձություն ենք ուզում, եթե մենք ներգաղթ ենք ուզում, ուրեմն՝ պետք ա էդ ռոմանտիզմից դուրս գալ։
Ռոմանտիզմով հայապահպանությունը լավ ա, երբ ուրիշ ոչ մի տարբերակ չունես, երբ ռեալ չէ Հայաստան վերադառնալը, բայց երբ էդ հստակ հնարավոր ա, էդ ռոմանտիզմից պետք ա ազատվել։ Իսկ էդ ռոմանտիկ Հայաստանի պատկերից ազատվելու համար պետք ա ուղղակի Հայաստանի մի այլ, ավելի իրական պատկեր կերտել։ Իսկ էս շարժումը, ըստ իս, դրա ռեալ հնարավորությունը տալիս է։

Իրական Հայաստանը, հա՛, մի աշխարհագրական տարածք է, որն ունի շատ գեղեցիկ բնություն ու հարուստ պատմություն։ Բայց Հայաստանի էությունն էդ աշխարհագրական տարածքով ո՛չ սկսում է, ո՛չ էլ վերջանում։ Իրական Հայաստանն էն մարդիկ են, ովքեր ապրում են էդ հողի վրա։ Իրական Հայաստանն էն ժողովուրդն է, որ ամեն ինչից հոգնած է, բայց, դրանից անկախ, դուրս է գալիս փողոց, որովհետև դեռ հույս ունի. եթե հույս չունենա, էլ իրեն ի՞նչ է մնում։ Հայաստանը փողոցում անծանոթ մարդկանց ուտելիք հյուրասիրող զույգն է ու տուփերով հյութ բաժանողը, բասկետբոլի գնդակով վոլեյբոլ խաղացողն ու փողոցում խորոված պատրաստողը։ Հայաստանը փողոցում հավաքված ռոք լսող, պրոգրեսիվ տպերն են ու ռաբիս լսող ավանդապաշտները, ցուցարարներին օրհնող տատիկն ու «Հայաստան» գոռացող պուճուրը։ Հայաստանն էն բոլոր մարդիկ են, ովքեր էսքան տարի ա՝ մնացել են էս երկրում, որովհետև հավատացել են, որ մի բան կկարողանան փոխել, ու նրանք, ովքեր ուզել են գնան, բայց չեն կարողացել։ Բայց մեծ հաշվով, եթե մարդկանցից կտրվենք ու փորձենք (փորձեմ) ավելի լայն նայել, Հայաստանն այն պետությունն է, որը փորձում է հնարավոր և անհնար բոլոր տարբերակներով պետականություն պահպանել ու ժողովրդավարական հանրապետություն ստեղծել։ Կարևոր չէ՝ դա իշխանությունն է անում, թե ընդդիմությունը, ժողովուրդը՝ որպես մեկ ամբողջություն, թե անհատներ։ Կարևորն այն է, որ Հայաստանն այս պահի դրությամբ վաղուց արդեն զուտ պատմական հայրենիք չէ, այլ երկիր, որը կառուցելու և կառուցվելու կարիք ունի։ Ու դա բոլորս պետք ա հասկանանք։

Պետք ա հասկանանք, որ մեզ ոչ մեկն էդ ռոմանտիկ Հայաստանը պատրաստի չի տալու, ու հա՛, էստեղ լիքը գործ կա անելու, բայց հաստատ միևնույն է, արժի գալ ու տեղափոխվել էստեղ, որովհետև որտե՞ղ անելու գործ չկա։ Ամեն տեղ էլ կա։ Բայց ես ուզում եմ էստեղ, էս երկրի համար գործ անեմ, որովհետև ես սենց ժողովուրդ կասկածում եմ, որ ուրիշ տեղ կգտնեմ։ Որովհետև ես ինձ էստեղ լավ եմ զգում, ճիշտ եմ զգում, տանն եմ զգում։ Ու ես պատրաստ եմ անել էն, ինչ պետք կլինի, որպեսզի երկիրը կառուցվի, հենց երկիրն ու պետությունը։ Իսկ դո՞ւ ։)

***

Մի տեսակ էս գրածս կոչատիպ ստացվեց, չնայած ես ընդամենն ուզում էի ռոմանտիկ ու ռեալ Հայաստանները համեմատել ու հակադրել, բայց դե ոչինչ, սենց էլ ա ստացվում ։) Եթե մարդ կա, ով մինչեւ վերջ կարդաց, նամանավանդ սփյուռքից, հետաքրքիր կլինի ձեր կարծիքը լսել ու քննարկել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել