
Tert.am-ը գրում է.
Հիմա է՛լ ավելի վճռական «Օրինաց երկրով» մենք կշարունակենք մեր քաղաքական գործունեությունը, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նախկինում «Հայկական վերածնունդ» այժմ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառքի հետևանքով «Հայկական վերածնունդի» վեհ գաղափարը չկարողացանք իրականացնել: Դրա համար մենք այսօր որոշեցինք, որ ՕԵԿ-ը շարունակի իր քաղաքական գործունությունը, որը 20 տարվա պատմություն ունի»,- նշեց նա: Հեղինե Բիշարյանը վստահ է, որ կուսակցության անվան փոփոխությունը գրեթե ազդեցություն չի ունենա քաղաքական ուժի իմիջի վրա. «Գուցե 1 տոկոս կարող է դա ազդել, բայց երբ քո քաղաքացիների, քո կուսակիցների հետ ազնիվ ես, արդար ես, սա արդարացված է»,- ասաց նա:
- Տիկի՛ն Բիշարյան, նախօրեին հայտարարությունտարածեցիք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում որոշել է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը։ Ինչո՞ւ նորից որոշեցիք «Օրինաց Երկիր» դառնալ:
- «Հայկական վերածնունդն» իր առջև խնդիրներ էր դրել, որոնք պետք է լուծեր, միավորման նպատակը դա էր, և այն արդյունքները, ինչ-որ ունեցանք, մեզ չգոհացրեց: Մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի «Հայկական վերածնունդը» միավորվի և «Օրինաց երկիրը», որը 20 տարվա կենսագրություն ուներ, ինքը շարունակի իր գործունեությունը: Դուք հիշում եք, որ տարբեր քաղաքական ուժերի միավորվել էին ՕԵԿ-ի շուրջ և մենք մեր առջև վեհ նպատակներ էինք դրել, որոնք չկարողացանք իրականություն դարձնել:
- Նախկինում ձեր քաղաքական ուժը «Օրինաց երկիրն» էր խորհրդարանական ընտրություններից առաջ դարձավ «Հայկական վերածնունդ», այժմ՝ նորից «Օրինաց երկիր»: Չե՞ք կարծում, որ այս փոփոխությունները քաղաքացիների համար կարող են տարօրինակ թվալ, Ձեզ չի՞ հետաքրքրում հասարակական կարծիքը:
- «Հայկական վերածնունդը» քաղաքացիներին, հանրությանը մենք հստակ միշտ բացատրություն է տալիս: Մենք շատ շիտակ ու պարզ ենք մեր հասարակության հետ, և հստակ մեկնաբանել էինք: Մենք կոչ արեցինք քաղաքական ուժերին միավորվել, որը հնարավորություն կտար այն վեհ գաղափարները, որ դրել էինք ՀՎԿ-ի ստեղծման հիմքում, իրականություն դարձնել: Բայց կյանքը ցույց տվեց՝ ինչ տեղի ունեցավ: Բացի այդ, լրատվամիջոցներն էլ բազմիցս գրել են՝ դե ՀՎԿ-ն նույն «Օրինաց երկիրն» է, նույն մարդիկ, նույն ուժն է, բոլորին էլ հայտնի է, որ ծանրակշիռ ներկայությունը ՀՎԿ-ում ունեցել է «Օրինաց երկիրն» է: Հիմա ի՞նչն է խանգարում, որ ՕԵԿ-ն այսօր ակտիվանա և աշխատի, որևէ խնդիր մենք այստեղ չենք տեսնում: Դուք լավ գիտեք, որ մինչև մայիսի 20-ը «Օրինաց երկիր» խմբակցությունն է եղել խորհրդարանում, ընտրատարածքային բոլոր հանձնաժողովներում դարձյալ դեռևս ՕԵԿ-ի կառույցները, նշանակումներն են և այլն: Այն գործընթացը, որ կարճ ժամանակահատվածում «Հայկական վերածնունդը» փորձեց անել, իհարկե, հաջող էր, մենք դա նույնպես պետք է արձանագրենք, որովհետև մենք մարզերում՝ Վանաձորում և Գյումրիում 20 %-ից ավելի ձայներ հավաքեցինք:
- Բայց ասում եք, որ ՀՎԿ-ին չհաջողվեց վեհ գաղափարներն իրականություն դարձնել:
- Ցավոք սրտի, խորհրդարանական ընտրություններին, ինչը պետք է լիներ լրջագույն հաջողության արձանագրումը ողջ երկրի մակարդակով, ընտրական գործընթացների ծանրակշիռ ընտրակաշառքների արդյունքում ՀՎԿ-ն չկարողացավ հաջողել: Ընտրակաշառքի, փողի տարափի մասին բոլորս գիտենք, որի արդյունքում այդ վեհ գաղափարը չկարողացավ իր առջև դրած խնդիրները լուծել: Դրա համար մենք այսօր որոշեցինք, որ ՕԵԿ-ը շարունակի իր քաղաքական գործունությունը, որը 20 տարվա պատմություն ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։