Tert.am-ը գրում է.
Թուրքական մամուլը շարունակում է բուռն քննարկել պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի՝ բանտից փախչելու և արտասահման մեկնելու մասին լուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Նշանյանը, ով 17 տարվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայում, փախել է բանտից, որտեղ գտնվում էր 2014 թվականից:
Նշանյանի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»:
«Եթե իսկապես այդպես է՝ բարի գալուստ մեր՝ աքսորյալների ակումբ», - գրել է թուրքական demokrathaber.org կայքի հայ համախմբագիրներից Հրանտ Գասպարյանը սոցցանցի իր էջում:
Թուրք մտավորականներից Թևֆիք Ունալը, մեկնաբանելով Նշանյանի փախուստի լուրը, սոցցանցի իր էջում գրել է.
«Հայրենասերի անվան տակ հասարակության մեջ դեգերող միլիոնավոր անպետքներից շատ ավելին արեց այս հողերը գեղեցկացնելու համար, ինչ-որ տեղ՝ հաջողեց: Նա պատժվեց, որպեսզի ամբողջությամբ չհաջողի, լավ օրինակ չդառնա: Սևանը միայն մեկն է այն հազարավոր արժեքավոր մարդկանցից, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Մենք չիմացանք նրա գինը, հուսամ՝ այնտեղ, ուր գնացել է, կհասկանան: Եվ հուսամ, որ մի օր Սևանի հետ կրկին այստեղ՝ այս հողում միասին կպարենք, և կլինեն այնպիսի օրեր, որ գոնե նրա հաջողությունը չպատժվի»:
Թուրքական Habersol.org.tr կայքը նշում է, որ Նշանյանը փախել է, սակայն անհայտ է մնում, թե ինչպես:
Թուրքական լրատվամիջոցների մեծ մասն առաջ են բերում Նշանյանի՝ արտասահման մեկնելու վարկածը, սակայն չի հստակեցվում, թե որ երկիր է մեկնել պոլսահայ մտավորականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



