Տարին թեև բարդ ու ողբերգական էր, բայց ևս մեկ անգամ հաղթանակ տոնվեց. Դավիթ Բաբայանն ամփոփում է 2016 թվականըAysor.am-ը գրում է.

2016 թվականն ամենաբարդ տարիներից մեկն է եղել՝ սկսած զինադադարի ռեժիմի հաստատումից հետո, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով 2016 թվականը՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ապրիլյան քառօրյա պատերազմն իսկապես բացասական ազդեցություն ունեցավ, ունենացանք մեծ կորուստներ՝ նախևառաջ մարդկային, որն անդառնալի է: Մարդիկ, ովքեր պետք է այսօր իրենց օջախներում Նոր տարվա տոնակատարությունները նշեին, չեն նշում, իրենց տներում սուգ է: Իսկ սա արդեն ողբերգություն է», - ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ տարին մի կողմից բարդ ու ողբերգական էր, բայց մյուս կողմից էլ ևս մեկ անգամ հաղթանակ տոնվեց:

«Ճիշտ է, շատ թանկ գնով նվաճած հաղթանակ, բայց սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը հաստատակամ է, որ մենք ունենք փայլուն երիտասարդություն, որը կանգնած է սահմանին, որը հայրենասեր է, և երբ շատերը, այդ թվում նաև հակառակորդը մտածում էր, թե նոր սերունդը, որը դաստիարակված է սոցիալական ցանցերում, որն ինչ-որ ձևով տարբեր արժեքների տեր է, նա մոռացության է մատնելու կամ հետին պլան է մղելու ազգային արժեքները, բոլոր այդ մարդիկ, չարաչար սխալվեցին, քանի որ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր բանակը և ժողովուրդը պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը, արժանապատվությունը և անվտանգությունը», - ասաց Դ. Բաբայանը:

Իսկ ընդհանուր առմամբ՝ ըստ նրա, տարին բացի ողբերգությունից և փառավոր հաղթանակից, մնացած առումներով եղել է սովորական:

«Այս տարի տոնեցինք Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անկախության 25-րդ տարին, որը շատ նշանակալի իրադարձություն է հայ ժողովրդի պատմության մեջ: 2017 թվականին կտոնենք Շուշիի ազատագրման 25-ամյակը, որը նույնպես մեր փառավոր հաղթանակներից մեկն է», - նշեց Արցախի նախագահի խոսնակը:

2017-ին սպասվում է նաև կարևոր քաղաքական իրադարձություն՝ նոր Սահմանադրության հետ կապված գործընթացներ, այսինքն, ըստ Բաբայանի, տարին լինելու է բավականին հագեցած. «Իհարկե, այսուհետ ևս առանցքային ուշադրություն են դարձվելու անվտանգության խնդիրներին, երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանը, որպեսզի թեթևանա ժողովրդի հոգսերը»:

Անդրադառնալով Արցախի՝ միջազգային ճանաչման գործընթացին, Դավիթ Բաբայանն ասաց, թե ընդհանուր առմամբ այդ գործընթացը ևս ակտիվ է ընթանում:

«Մոտակա մի քանի տարիների ընթացքում մենք կունենանք ևս նոր հաջողություններ, հատկապես, որ աշխատում ենք այս ուղղությամբ, և կարծում եմ, որ ստացվելու է: Այն, որ ամբողջ աշխարհը հատկապես այս քառօրյայի ժամանակ ևս մեկ անգամ տեսավ, որ կա Արցախ, որ կա մի ժողովրդավարական երկիր, որը պայքարում է բռնապետության դեմ՝ ի դեմս Ադրբեջանի, սա ինքնին Արցախը ճանաչելի դարձնելու կարևոր մի քայլ է: Շատ կարևոր է, որպեսզի այդ գործընթացը կրի շարունակական բնույթ: Համենայն դեպս, ամեն ինչ արվելու է այս ուղղությամբ, համոզված եմ, որ մենք հաջողություններ կունենանք», - ընդգծեց Դ. Բաբայանը:

Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմի հետևանքով ավերված որոշ բնակավայրերի վերաբնակեցմանը, Դավիթ Բաբայանն ասաց, թե դա էլ է մի կարևոր առաքելություն, որը պետք է իրականացնել:

«Այստեղ պետք է գործենք սառնասրտորեն, հաշվարկենք բոլոր հնարավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրները, անվտանգության հետ կապված հարցերը: Հույս ունենք, որ 2017 թվականի կեսերին արդեն Թալիշը կվերակենդանանա, և եթե ոչ ամբողջությամբ, ապա բավական մեծ քանակությամբ բնակչություն այնտեղ կլինի», - ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նաև նշեց, որ 2017 թվականի հաջողությունները կախված են լինելու համախմբվածությունից եվ հաստատակամությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել