Վաղինակ Շուշանյան. «Նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է»

Aravot.am-ը գրում է.

Այսօր առավոտ վաղ Բաղրամյան պողոտայում, նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում, որպեսզի այսօր ժամը 18:00-ին, իրենց ասելով, խելամիտ որոշում կայացնեն:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախագահի որոշումն այն չէր, մեծ մասով, որը որ մենք ուզում էինք»: Բայց ըստ նրա՝  եթե փողոցային պայքարն ենք շարունակում, կարելի է տանել-տանել ու վերջում փակուղի մտնել, լրիվ այնպիսի գծի վրա, այնպիսի հանգամանքում, որ դրանից հետո շանս չունենք անցնելու: «Իրավական տեսանկյունից եթե նայենք, ապա նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է»:

Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ այս մարդիկ ցանկացած պահ կարող են հավաքվել եւ փակել Բաղրամյան փողոցը, բայց կարեւորը որ իրենց քայլերը խելամիտ լինեն: «Սա պետք է ընդունել քայլ իրենց կողմից, որովհետեւ այլ տարբերակով քայլ չեն կարող կատարել: Վերցնել ու ասել՝ չէ, իրենց համար խայտառակություն կլինի, որովհետեւ մի 10 օր առաջ ասեցին՝ հա, թանկացնում ենք: Սա կարող է լինել 150 դրամի ակցիայի նման՝ կասեցնել, աուդիտ անցկացնել, որը անցկացվում է 2 տարի»:

скачанные файлы

Նա նշեց, որ աուդիտի ընթացքում կփակեն այն «ծակուծուկերը», իրենց սխալները եւ վերջում կհայտարարեն, որ այո, ժողովուրդ ջան դուք իրավացի էիք, սակագինը չի բարձրանում:

Վաղինակ Շուշանյանը նաեւ ասաց, որ սա հաղթանակ չի համարում, եթե սկսվել է պատերազմ, ապա սա ճակատամարտերից մեկն է, որ հաղթել ենք. «Գոնե այդ ժամանակ՝ ճակատամարտից հետո, մարդիկ հետ են քաշվում, հանգստանում, բայց այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, եւ բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակել»:

Նաեւ նշեց, որ իրենք կլինեն աուդիտորական խմբի կազմում ու կհանրայնացնեն բացահայտումները: Հավելեց, որ անկախ իր սեփական կարծիքից՝ կանգնած է ժողովրդի կողքին եւ մեծամասնությունը ինչ որոշի՝ նա հետներն է, բայց եւ եթե մեծամասնությունը գնա տուն՝ նա եւս գնալու է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել