Pastinfo.am-ը գրում է.
ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական ու էներգետիկ անվտանգության մասին հարցեր: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ էներգետիկ անվտանգության խնդիրը ոչ թե 6-7 դրամն է, այլ ավելի գլոբալ է: Բայցևայնպես, նրա խոսքով, այդ գումարի մեջ ոչ մի ավելորդ ծախս չի ներառված: «Կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են»,- ասաց նա:
Շարմազանովն անդրադարձավ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիային` գոհունակություն հայտնելով թե’ ցուցարարների, թե ոստիկանների գործողություններից:
Շարմազանովը անդրադարձավ Նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպմանը` հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բաց և թափանցիկ աուդիտ իրականացնելու մասին:
Բայց որոշումը մինչ աուդիտի իրականացումը չի կասեցվի, պատասխանելով լրագրողների հարցերին հավելեց ՀՀԿ խոսնակը` նորից վերահաստատելով, որ այդ 7 դրամը բոլոր մասնագետների հաշվարկներով օբյեկտիվ գին է:
«Այդուհանդերձ, եթե ռուս գործընկերները համաձայնել են աուդիտի, նշանակում է դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա:



