Tert.am-ը գրում է.

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Louiss կառավարման դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ գրազ է եկել, որ հինգ տարի անց Եվրոպայի կեսը կկրկնօրինակի Իտալիայի նոր ընտրական օրենքը, գրում են իտալական լրատվամիջոցները։

«Հինգ տարի անց մեր ընտրական օրենքը կկրկնօրինակի Եվրոպայի կեսը»,- գրազ է եկել Իտալիայի վարչապետը՝ խոսելով «Իտալիկումի» (Italicum)՝ ընտրական նոր օրենքի մասին:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում իտալացի վարչապետը կարևորել է ընտրական օրենքի փոփոխությունը:

«63 կառավարություն ենք ունեցել 70 տարվա ընթացքում: Մի բան կա, որ չի աշխատում»,- ասել է Ռենցին՝ նշելով, որ այդ ուղղությամբ կարևոր քայլ կլինի ընտրական նոր օրենքը, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել փոքր քաղաքական ուժերի կողմից վետոյի իրավունքի ավերիչ մեխանիզմը:

Այսպես կոչված՝ «Իտալիկում» օրենքը պետք է վերջ դնի Իտալիայում քաղաքական անկայունությանը: Նոր ընտրական օրենքի համաձայն՝ ցանկացած կուսակցություն, որը կհավաքի առնվազն 40 տոկոս ձայն, ավտոմատ կերպով 55 տոկոսի առավելություն կունենա խորհրդարանի ստորին պալատում:

Իտալիայի վարչապետը խոստացել է ստեղծել նոր համակարգ, որը կկարողանա պաշտպանել «յուրաքանչյուրին», և կրկին աշխատաշուկայի պաշտպանության, այսպես կոչված, «Հոդված 18» կետը բարեփոխման ենթարկելու ցանկություն է հայտնել։

«Ես չեմ ընդունում, որ կան մարդիկ, ովքեր իրենց ձախ են համարում, որովհետև պաշտպանում են «Հոդված 18»-ը: Կարծում եմ՝ ձախերի համար կարևոր է պաշտպանել մարդկանց, այլ ոչ խորհրդանիշները: Մենք աշխատանքի վերաբերյալ որոշումով կենտրոնում ենք դրել անհատին»,- ասել է նա:

«Հոդված 18»-ը երաշխավորում էր աշխատողների համար կրկին աշխատանքի ընդունվելու իրավունքը, եթե նրանց անարդարացիորեն հեռացրել են աշխատանքից:

Վարչապետը նաև նշել է, որ բոլոր բարեփոխումներից, որ իր կառավարությունը ցանկանում է իրագործել, կրթության հետ կապված բարեփոխումները կունենան ամենախոր և ամենաերկարատև ազդեցությունը երկիրն արդիականացնելու և Իտալիան «աշխարհի գերտերություն» դարձնելու առումով:

«100 տարի անց Իտալիան ավելի լավը կլինի կրթության ուղղությամբ այժմ ձեռնարկվող քայլերի շնորհիվ», -ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել