Tert.am-ը գրում է.

Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ 

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների 6 հայտարարություններում նշված սկզբունքներն ու տարրերը, որոնք կան նաև այն փաստաթղթում, որի հիմքով արդեն ավելի քան 7 տարի Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, ընդունելի հիմք են Ղարաբաղյան հարցի լուծման համար։

«Մենք կիսում ենք ՄԽ համանախագահների կարծիքը, որ ազգերին պետք է խաղաղության պատրաստել, այլ ոչ պատերազմի, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Մենք անցյալ տարվա ամառվանից տեսնում ենք իրավիճակի սրում, և ամեն դեպքում հարցով զբաղվողները կասկած չունեն, որ սրման պատճառն Ադրբեջանն է, և դա չի թաքցնում ադրբեջանական ղեկավարությունը՝ Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարելով, որ այո՛, լարվածությունը շարունակվելու է, քանի դեռ հայերը չեն հանձնել ԼՂ-ի հարակից շրջանները»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Ղարաբաղի բանակը ստիպված էր ստեղծել անվտանգության գոտի՝ ամենօրյա կրակից փրկելու համար հայաբնակ շրջանների բնակչությանը։

«Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում այն սկզբունքները, որ մեզ առաջարկել են համանախագահները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մենք ստիպված կլինենք պաշտպանվել, եթե այլ ելք չունենանք, և Ադրբեջանը հերթական արկածախնդրության գնա։

«Մենք չենք վախենում կռվելուց»,-հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել