Ինչպես հայտնի է, Մայիսի 9-ին Մոսկվայում անց են կացվելու մասշտաբներով աննախադեպ միջոցառումներ՝ նվիված Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին, և այդ միջոցառումներին հրավիրված են մասնակցելու տարբեր պետությունների ու հատկապես՝ նախկին դաշնակիցների ղեկավարները։ 

Սակայն արդեն իսկ հայտնի է, որ միջոցառումներին հավանաբար չի մասնակցելու Ուկրաինայի նախագահը, իսկ ԱՄՆ-ի պետդեպից լղոզված հայտարարություններ են անում առ այն, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչ անպայման կլինի, բայց դեռ պարզ չէ, թե ով։ Ամենայն հավանականությամբ, Օբաման չի ժամանի Մոսկվա, ինչպես չի ժամանի նաև Միացյալ Թագավորության վարչապետ Դեվիդ Քեմերոնը։ Կա հավանականություն, որ բարձր մակարդակով մասնակցությունից կհրաժարվեն ԱՄՆ-ի նաև մի շարք այլ դաշնակիցներ, և արդյունքում մոսկովյան միջոցառումները մեծ հավանականությամբ կարող են վերածվել նոր Ֆուլտոնյան ճառի, որը սիմվոլիկորեն կարձանագրի նոր Սառը պատերազմի մեկնարկը՝ Ռուսաստանի ու իր նախկին դաշնակիցների միջև։

Սա առանց այդ էլ արդեն իրողություն է, ու այդ առճակատումն արդեն տարուց ավել է շարունակվում, սակայն Մեծ հաղթանակի տոնակատարություններին չմասնակցելն Արևմտյան առաջնորդների կողմից կդառնա վերջին շտրիխը՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև անջրպետի հիմնման հարցում։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ ԱՄՆ-ը հրաժարվեց նացիզմը դատապարտող բանաձևի օգտին քվեարկել ՄԱԿ-ում, իսկ մայիսի 9-ից հետո աշխարհաքաղաքական մթնոլորտը կվերադառնա 1947 թվականի մթնոլորտին։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու հիմա դա առավել ակնառու է դառնում։ 7 տասնամյակ առաջ էլ ԱՄՆ-ը փայփայում ու գուրգուրում էր բազմաթիվ նախկին նացիստական գործիչների ու պոլիցյաների և օգտագործում էր իր շահերի համար, իսկ հատկապես ուկրաինական բանդերականներն ու ՍՍ-ականները, ովքեր պատերազմի վերջին օրերին հասցրեցին գերի հանձնվել Դաշնակիցների զորքերին, հետագայում սերտորեն ինտեգրվեցին Արևմտյան հատուկ ծառայությությունների մեջ ու խորը արմատներ գցեցին։ 

Կարծում եմ, որ այս անգամ «Ֆուլտոնյան ճառը» կկարդացվի Կարմիր հրապարակում Պուտինի կողմից, և դա կդառնա նոր Սառը պատերազմի ֆորմալ մեկնարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել