Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին ու Թուրքիայի հետ հարաբերություններին։

Նա նշել է, որ ընթացիկ տարին կարևոր է աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերի համար, որոնք այս տարի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպելու, իսկ հիմնական միջոցառումը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու Երևանում։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայերի հետ են լինելու տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չենք դրել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել հարաբերությունների կարգավորման, սակայն որոշ պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, և այդԱրձանագրությունները չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանի կողմից»:

ՀՀ Նախագահը հիշեցրել է, որ ինքը նաև նամակ է ուղարկել՝ Թուրքիայի նախագահին Ապրիլի 24-ին հրավիրելով Երևան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Նախագահը նշել է, որ թուրքական կառավարությունն այս անգամ ևս վարվեց այնպես, ինչպես միշտ, և ոչ միայն մերժեց մասնակցել միջոցառումներին, այլև պատասխան հրավեր արեց՝ Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու։

«Բոլորին հայտնի է, որ Գալիպոլիի մարտերը չեն սկսվել ու չեն ավարտվել ապրիլի 24-ին, և Թուրքիան երբեք այդ մարտերում հաղթանակն Ապրիլի 24-ին չի նշել։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Թուրքիան ընդլայնում է իր ժխտողական գործիքները՝ Գալիպոլիի հաղթանակը նշելով փորձելով մեզ ինչ-որ բան ապացուցել, կամ միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության թեմայից»,-ասել է նա։

Սերժ Սարգսյանը նշել է, թե չգիտի՝  որքան արագ Թուրքիայում կավելանա այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են և պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունն ու ազատվել այդ ծանր բեռից։
«Բայց ամեն դեպքում մենք դրական տեղաշարժ ենք տեսնում, և ես շնորհակալ եմ այն թուրք քաղաքացիներից, որոնք սկսել են այդ շարժումը»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել