Panorama.am-ը գրում է.
Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Բելգիայում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European Friends of Armenia) կազմակերպության նորանշանակ նախագահ Էդուարդո Լորենցո Օչոայի հետ, ով վերջերս կազմակերպել էր Եվրախորհրդարանի փոխնախագահի այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
-Պարոն Օչոա, Դուք մի քանի տարի աշխատել եք Հայաստանում որպես ՀՀ վարչապետի և Ազգային ժողովի խոսնակի ավագ խորհրդատու, նաև որպես դասախոս: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք Հայաստանից՝ թե մասնագիտական և թե անձնական փորձառության առումով:
-Մասնագիտական տեսանկյունից այս տարիները շատ հարուստ փորձ ինձ տվեցին. ես կարող էի մի գիրք գրել այդ մասին: Սակայն պետք է ընդգծեմ այն, որ թեև Հայաստանն ունի սահմանափակ ադմինիստրատիվ հնարավորություններ, և Ազգային ժողովը, և կառավարությունը հսկայական ջանք են գործադրել, որպեսզի համապատասխանեն ԵՄ չափանիշներին ամենաբարձր մակարդակով՝ և քաղաքական, և ինստիտուցիոնալ առումներով, ինչը ակնհայտ օգուտ է բերել նախ և առաջ Հայաստանին, ապա նաև ԵՄ-ին:
Անձնական առումով ես կընդգծեի այն մեծ պատասխանատվության աստիճանը, որ վստահված էր ինձ, ինչպես նաև փոխադարձ վստահությունը, որը ձևավորվել էր տարիների ընթացքում, ինչն էլ մեր նպատակներին հասնելու գրավականն էր: Ինչ վերաբերում է դասախոսություններին, որ ես կարդում էի ԵՊՀ-ի դիվանագիտական ակադեմիայի համար և NDI-ի կազմակերպած առաջնորդության դասընթացների ժամանակ, ապա պետք է ասեմ, որ բոլոր ուսանողներն ունեին շատ մեծ հետաքրքրություն ԵՄ-ի հանդեպ:
-Դուք վերջերս ստանձնել եք Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահությունը: Ի՞նչ առաջիկա նպատակներ և ծրագրեր ունի ՀԿ-ն իր օրակարգում:
-Մեր նպատակն է Հայաստանը պահել ԵՄ-ի օրակարգում: Հաշվի առնելով այն, որ Եվրոպական խորհրդարանի կազմը թարմացվել է, և որ շուտով Եվրոպական հանձնաժողովը նույնպես կհամալրվի նոր գործիչներով, մենք մեծ ջանքեր պետք է գործադրենք Հայաստանի Հանրապետության իրականությունը նորընտիր պաշտոնյաներին ներկայացնելու համար, եթե մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր կապերը: Սա ենթադրում է բազմաթիվ երկկողմ հանդիպումների, կոնֆերանսների, տարածաշրջանում ճանաչողական այցերի կազմակերպում, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության շուրջ մի շարք համառոտ հոդվածների պատրաստում. մի խոսքով պետք է Բրյուսելում դասավանդենք Հայաստանի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



