1in.am-ը գրում է.

Հայաստանն ակնհայտորեն հայտնվել է քաղաքական մակընթացության շրջափուլում, և ապրիլի 10-ը ըստ էության կարելի է վստահաբար գնահատել որպես այդ շրջափուլի գագաթնակետը: Երեկ տեղի են ունեցել մի շարք հատկանշական իրադարձություններ, որոնց միայն ժամանակագրական թվարկումը, ըստ էության, չափազանց խոսուն կարող է լինել և ավելորդ դարձնել բոլոր մեկնաբանությունները:

Եվ այսպես, ապրիլի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հարցերով աշխատանքային խմբի մշակած սահմանադրական բարեփոխումներիհայեցակարգը: Այդ հայեցակարգի մեխն այն է, որ առաջարկվում էր Հայաստանում անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին և նվազեցնել նախագահական լիազորությունները:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այդ թեմայով խորհրդակցություն  է հրավիրել նախագահական նստավայրում և հայտարարել, որ չի պատրաստվում ևս մեկ անգամ Հայաստանի նախագահի պաշտոնի համար առաջադրվել (ենթադրաբար երկրորդ ժամկետից հետո մեկ ժամկետ բաց թողելով, քանի որ երրորդ ժամկետն անընդմեջ առաջադրվելու իրավունք նա չուներ ըստ Սահմանադրության) և նաև չի պատրաստվում առաջադրվել վարչապետի պաշտոնի համար: Սրա հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանը շատ ուշագրավ ակնարկ արեց իր մրցակիցներ առաջին և երկրորդ նախագահներին` հայտարարելով, որ կարծում է յուրաքանչյուր գործիչ երկու անգամից ավելի չպետք է զբաղեցնի պետության ղեկը:

 Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը սկսեց նաև խորհրդակցությունները ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, առանձին իհարկե, նոր վարչապետի թեկնածության շուրջ: Երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործկոմի նիստը, որի ընթացքում սպասվում էր վարչապետի շուրջ որոշման հրապարակում, ինչպես նախապես մամուլին ազդարարել էր ՀՀԿ խոսակ Շարմազանովը: Սակայն նիստից հետո Շարմազանովը հայտարարել է, որ վարչապետի անունը կհրապարակվի երկուշաբթի, այսինքն` Սահմանադրությամբ նախատեսված վերջին օրը:

Նշենք միայն, որ այս օրերին հորդառատ տեղեկատվություն էր, որ վարչապետի անունը որոշված է և այն Հովիկ Աբրահամյան է: Ըստ որում` երեկ տեղի ունեցած ուշագրավ զարգացումներից մեկն էլ այն էր, որ ՀՀԿ գործկոմի նիստին զուգահեռ ՀՀԿ-ամերձ կայքերից մեկում տեղեկություններ հայտնվեցին Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին որոշման վերաբերյալ, սակայն մի քանի րոպե հետո այդ` ըստ էության ապատեղեկատվությունը հանվեց, թեև հասցրեց հենց այդ կապակցությամբ իսկ առաջացնել շատ հարցադրումներ և աժիոտաժ՝ «պատահակա՞ն էր այդ ամենը, թե՞ ոչ» տրամաբանությամբ:

Եվ ի վերջո, այս ամենով հանդերձ, երեկ անսպասելի լուր տարածվեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև հանդիպման մասին, Գագիկ Ծառուկյանի հարկի տակ, առանց «հրաշալի քառյակի» ամենատարեց մասնակցի՝ Դաշնակցության: Ինչպես տեսնում եք, ապրիլի 10-ն, ըստ էության, կարելի է իրավամբ դասել Հայաստանի նորանկախ պատմության ամենաբուռն և հագեցած քաղաքական զարգացումներով օրերի շարքին: Եվ այս ամենը վկայում են մի բանի մասին, որ շատ մոտ ապագայում այս օրերի քանակի բազմապատկումը, մեղմ ասած, շատ հավանական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել