Ankakh.com-ը գրում է.
Այսօր լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-րդ տարեդարձը: Այս առիթով մի շարք հոդվածագիրներ անդրադարձել են հանրապետության հիմնադրման պատմությանը, Քեմալ Աթաթուրքի կատարած անգնահատելի գործին և գործադրած ջանքերին: Այսպես նշանավոր լրագորղ Հասան Ջեմալը «T24»-ում լույս տեսած իր հոդվածում հարցին անդրադարձել է բոլորովին այլ տեսանկյունից՝ հիշատակելով այն 10 հանցանքները, որոնց վրա հիմնադրվել է ներկայից Թուրքիան: Ահա, թե ինչ հարցեր է բարձրացնում Հասան Ջեմալը՝ դրանցում տեսնելով թուրքական պետականության գործած մեղքերը. 1. 90 տարում ինչքա՞ն ենք կարողացել ժողովրդավարացնել հանրապետությունը: Ամեն տարի հոկտեմբերի 29-ին պետական դրոշը ծածանելիս ինչքա՞ն ենք կարևորել ժողովրդավար և իրավական պետության հանգամանքը: 2. Այս երկրում ժողովրդավար և իրավական պետությունը 90 տարվա ընթացքում առաջնակարգ եղե՞լ է: Եթե ոչ, ապա ինչու՞: Այս հարցում 90 տարի առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ գործված սխալների հետևանքը ո՞րն է: Այս հարցը ինչքա՞ն ենք կարևորել, սրա մասին ինչքա՞ն ենք մտածել: 3. Ասում ենք Քրդական հարց: Այս հարցը սկիզբ է առել 90 տարի առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ, երբ ասվում էր «քուրդ չկա, թուրք կա», երբ արգելվում էր քրդերեն սովորելն ու խոսելը: Արդյո՞ք 90 տարի հետո՝ անգամ այսօր նույն դրությունը չէ: 4. 90 տարի առաջ հանրապետական կարգերի հաստատման ժամանակ արված հիմնարար սխալներից մեկը արդյո՞ք կրոնի այսպես կոչված «պետականացումը» չէր՝ պետության վերահսկողության հաստատումը կրոնի վրա: 5. Արդյո՞ք այսօր էլ չի շարունակվում 90 տարի առաջ այս հողերում բնակվող ոչ մահմեդական բնակչության նկատմամբ կատարվող սխալներն ու անօրինականությունները. 1930-ական թվականներին Թրակիայում հրեաներին թիրախ դարձնելը, 1942 թվականի ունեցվածքի հարկը, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը: 6. 90 տարի առաջ հանրապետության հիմնադրման ժամանակ նախորդ իշխանության՝ իթթիհաթականների գաղափարների յուրացումը արդյո՞ք ևս մեկ հիմնարար սխալ չէր: Օսմանյան պատմության ամենաարյունալի էջը հանդիսացող 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղավորներից հաշիվ պահանջելու փոխարեն այն սեփականացնելը մեկ այլ լուրջ սխալ չէ՞: Իթթիհաթ վե Թերաքքիի գաղափարները չե՞ն, որ 90 տարի շարունակ ուրվականների պես հետապնդում են մեզ: 1937 և 1938 թվականի Դերսիմի կոտորածները այս գաղափարների ուրվականը չե՞ն: Իսկ Սուսուլու՞քը, Էրգենեքո՞նը, Հրանտ Դինքի սպանությու՞նը: 7. 90 տարի առաջ Թուքրիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր այս երկրի պատմագրությունը արդյո՞ք մեկ այլ մեծ սխալ չէ: Պատմագրության մեջ կա՞ ազգային-ազատագրական պատերազմը իր բոլոր դրսևորումներով: 1915 թվականը ինչպե՞ս է ներկայացված: Արդյո՞ք կան քրդերը, եթե կան, ապա ինչպե՞ս: Ալևիները ինչքա՞ն են, ինչպե՞ս են ներկայացված: 8. Արդյո՞ք քեմալական-թուրքական ազգայնականության վրա հիմնված կրթական համակարգը Թուրքիային բաց չի թողնում մի զսպաշապիկի նման: Արդյո՞ք Թուրքիան մեր մտածելակերպի հետ միասին օրեցօր չխառնվեց, երբ ի հայտ եկավ, որ Թուրքիայում միայն թուրքեր չեն ապրում, երբ հասկացանք, որ այս հողերի պատմությունը ամենևին էլ դպրոցներում և համալսարաններում սովորացրածի պես միօրինակ և պարզ չէ: 9. Հանրապետության հիմնադրումից ի վեր 90 տարի է անցել, սակայն Աթաթուրքին դեռ չեն քննադատում, ինչու՞ դեռ չի քննվում: Ինչու՞ է Աթաթուրքը դեռևս տաբու: Ամոթ չէ՞: Կարո՞ղ է սա լինել առաջնակարգ ժողովրդավարություն: 10. 90 տարին դեռևս անցած չէ, այսինքն անցյալը անցած չէ: Քանի որ այսօր այդ անցյալը, 90 տարի առաջ հիմնադրված, սկսված և դեռ շարունակվող այս սխալները մեզ հանգիստ չեն տալիս: 10-րդ հարցս մոռացա: Իհարկե, հանրապետությունը հաջողություններ էլ ունի, սակայն արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ 90-ամյա անցյալ ունենալով հանդերձ դեռևս ամբողջությամբ չժողովրդավարացված մեր հանրապետությունը կհիշենք ոչ միայն փառքերով, այլ նաև մեծ մեղքերով: