Հայկական համացանցը երեկ ալեկոծվում էր՝ Ռուսաստանի Առաջին ալիքի հեռարձակած ռեպորտաժում տեղ գտած ձևակերպումների պատճառով: Ինչպես գիտեք, անդրադառնալով Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, Առաջին ալիքի լուրերի մեկնաբան Իրադա Զեյնալովան, ով, ինչպես հայտնի է, ադրբեջանական ծագում ունի, թույլ էր տվել սկանդալային արտահայտություն, որի իմաստը այն էր, որ մինչև Հայաստանն Ադրբեջանի հետ չլուծի Արցախի հարցը, Մաքսային Միությանը միանալու ցանկությունը այդպես էլ ցանկություն կմնա:

Սա, հիրավի, սկանդալային հայտարարություն է, հաշվի առնելով, որ արվել է Ռուսաստանի խոշորագույն հեռուստաընկերության կողմից, որը պետական ֆինանսավորում ունի և հանդիսանում է Կրեմլի քարոզչական մեքենայի հիմնաքարարերից մեկը: Ի նկատի ունենալով այս հանգամանքը` մեծ վստահությամբ կարելի է միանգամից հերքել այն վարկածը, որ դա զուտ Զեյնալովայի կամայական մեկնաբանություն էր` անկախ նրանից, թե ինչ ազգության ներկայացուցիչ է հեռուստամեկնաբանը: Այդ մակարդակի վրա մեկնաբանն իր հայեցողությամբ անգամ ստորակետ չի կարող փոխել` այլն էլ նման մի մեծ ու կարևոր իրադարձության անդրադառնալիս: Դե իսկ կամայական կանխատեսումներ ու գնահատականներ տալու մասին` խոսք անգամ լինել չի կարող:

Եթե ամփոփենք Զեյնալովայի ազգության թեման, ապա կարելի է ենթադրել, որ այն բարձրացվել է հրահանգիչների կողմից, որպեսզի ֆորսմաժորային իրավիճակի դեպքում հնարավոր լինի բարդել այդ հայատարարությունը «ադրբեջանացի» Զեյնալովայի վրա՝ նրան քավության նոխազ դարձնելով Հայաստանի ու իրենց ռուսաստանյան կոնտրագենտների աչքերում, իսկ իրենք, հարկ եղած դեպքում, լվանան ձեռքերը: Հաշվի առնելով վերոնշյալը, ենթադրաբար կա երկու հավանական բացատրություն, որոնցից յուրաքանչյուրն էլ իրավունք ունի գոյություն ունենալու:

Առաջին բացատրությունը, որ թվում է թե ակնհայտ է, և, որը հենց հիմնականում քննարկվում էր սոցցանցերում, այն է, որ սա Ռուսաստանի ավանդական քաղաքականությունն է, և այս կերպով Հայաստանին կրկին հասկացնել տվեցին, որ արևմտամետ քայլերի ժամանակն անցել է և ցանկացած կամուկացի դեպքում կհետևեն պատասխան սանկցիաներ, իսկ հարցի գինը՝ Արցախն է:

Չնայած սեպտեմբերի 3-ի հայտարարությանը` Հայաստանն այնուամենայնիվ շարունակում էր ԵՄ-ի հետ համագործակցության նոր եզրեր գտնելու փորձեր անել, և հայկական ներքաղաքական դաշտում հակառուսականությունը շարունակում է թրենդային ուղղություն մնալ, այս վարկածը իրոք տրամաբանություն ունի, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նման հայեցակարգը Ռուսաստանին խորթ չէ:

Մյուս կողմից, չի բացառվում, որ սա կապված է այդքան ոգևորված տոնայնությամբ հայտարարված Թուրքիայի՝ ՄՄ-ին անդամակցելու հավանականության հետ, և այս կերպով Մոսկվան ուզում է նախորոք հասկացնել, որ Հայաստանը չորկողություն անելու իրավունք չունի, եթե նման սցենարով առաջնորդվելու որոշում լինի:

Կա նաև մեկ այլ մեկնաբանություն եղածի կապակցությամբ, որը հասկանալու համար պետք է Ռուսաստանի ներքաղաքական դաշտի վրա ավելի մեծ մասշտաբի պատկեր դիտարկել: Բանն այն է, որ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Կրեմլում պառակտում կա և արդեն երկու տարուց ավելի է գորգի տակ բուլդոգների գզվրտոց է գնում: Դեռ 2011 թվականին պարզ էր, որ Կրեմլում գործում են երկու իշխանական թևեր, որոնցից մեկը պայմանականորեն կարելի է անվանել պուտինյան, իսկ մյուսը՝ մեդվեդևյան:

Այս թևերից երկրորդը վերահսկում է ռուսական տեղեկատվական դաշտի զգալի մասը ու հիմնական դաշնային հեռուստաալիքները, և հենց այս թևը սկսեց տեղեկատվական պատերազմ պուտինյանի դեմ, որի ապոգեյը թերևս Բոլոտնիյի դեպքերն էին` դրանց լայնածավալ լուսաբանումը տեղեկատվական դաշտում, տարբեր թեմատիկ հաղորդումների հեռարձակումը և այլն:

Չխորանալով ռուսական ներքաղաքական դաշտի բարդ լաբիրինթոսների մանրամասների մեջ` հիշենք, որ սրանից մի քանի ամիս առաջ նույն ռուսական պետական հեռուստաալիքներից մեկը սկանդալային ռեպորտաժ էր հեռարձակել՝ Հրաչյա Հարությունյանի մեղավորությամբ տեղի ունեցած պատահարի մասին, որը նորից մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:

Եթե հիշում եք, այդ ռեպորտաժը ևս ՄՄ-ի շուրջ զարգացումների նախաշեմին էր՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա: Երկու դեպքերի նմանությունը այն է, որ այս անգամ ևս, բուն ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ստորագրված փաստաթղթերն ու հայտարարությունները հակասում էին այն տեղեկատվական մթնոլորտին, որը ներդրվել էր ռուսական հեռուստատեսության կողմից: Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են տորպեդահարել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում, կամ էլ՝ Պուտինին, ով ՄՄ-ի ու Եվրասիական միության գաղափարական կնքահայրն է:

Հայաստանի համար մի քիչ անսովոր է այն փաստի գիտակցությունը, որ երկրում կարող են լինել մեկից ավել ուժային բևեռներ, որոնք ազդեցությամբ գրեթե չեն զիջում միմյանց, և  հայաստանյան քաղաքականության ներքին կանոններով ու միապաղաղությամբ առավել անսովոր է ընկալել ավելի բարդ ու բազմակողմանի գործընթացները, բայցևայնպես, պետք է հաշվի նստել նաև նման սցենարի հավանականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել