Ծառուկյանի հայտարարությունը, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մտնել կոալիցիա՝ իրարամերժ ու շոկային զգացումներ առաջացրեցին ուրախությունից մինչև անհանգստություն, իսկ առավել շատերի մոտ՝ լռություն: Դե եթե այդ հայտարարությունը նոր իրավիճակ է խոստանում մեր քաղաքական կյանքում, ապա իրավիճակին համահունչ մի փոքր մտորենք:
Այն, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցողը կոլալիցիոն կառավարություն չպետք է ձևավորի, դա այնքան ակնհայտ է, որ լրացուցիչ անդրադառնալ չեմ ցանկանում: Հասկանալի է նաև, թե ինչու է քննարկվում կոալիցիոն հուշագիրը համաձայնագրով փոխարինելու տարբերակը: Բայց արդյոք ԲՀԿ-ի հրաժարվելուց հետո իմաստ ունի կոալիցիոն հուշագիր կամ համաձայնագիր կնքել ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարածների մեջ ամենաքիչ ձայն ստացած կուսակցության՝ ՕԵԿ-ի հետ, որը ոչ միայն Աժ-ի այլև ամբողջ քաղաքական դաշտի ամենաանդեմք կուսակցությունն է, իր բացասական վարկանիշով հավասարը չունեցող: Իսկ եթե ցանկություն կա «բարոյական» գործընկերոջը մի-երկու նախարարական պորտֆել տալ, կամ էլ մի քանի այլ պաշտոններ, ապա իշխող կուսակցությունը դա հանգիստ կարող է անել առանց կոալիցիա ձևավորելու:
Դե քանի որ այս իրավիճակում ՀՀԿ-ականները մնացին իրենք իրենցով, կարող են արդեն տնավարի որոշել պաշտոնների հարցը: Սակայն այս հարցում լրատվամիջոցները մի այնպիսի խառնաշփոթ է ստեղծել՝ իրարամերժ «հավաստի» լուրերով, որ ավելի վատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ տրվում:
1. Ինչո՞ւ պետք է Հովիկ Աբրահամյանը դառնա ԱԺ նախագահ: Եթե նա «փայլուն» ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբը, ապա պետք է ղեկավարի նաև նախագահական ընտրությունների Ս.Սարգսյանի շտաբը: Ուրեմն հո մի քանի ամիս հետո նորից հրաժարական չի տալու ԱԺ նախագահի պաշտոնից: Իսկ եթե ոչ, ուրեմն Ս.Սարգսյանը, այնուամենայնիվ, չի վստահում Հ.Աբրահամյանին այդ պատասխանատու ընտրությունների շտաբի ղեկավարումը, երբ նրա խնամին կարող է սեփական թեկնածուով հանդես գալ, իսկ ինքն էլ մշտապես կասկածվել է երկակի խաղերի մեջ: Իսկ եթե չի վստահում, ինչ է այս լարված իրավիճակում ամենաապահով տեղը երկրի 2-րդ դեմքի՝ ԱԺ նախագահի պաշտո՞նն է:
Իսկ Աժ նախագահի ամենահավանական թեկնածուներն են՝ Սամվել Նիկոյանը և Դավիթ Հարությունյանը: Ես նախապատվությունը կտայի վերջինիս, ով անկասկած ԱԺ-ում իշխանական թևի ամենագիտակ ու պատրաստված պատգամավորն է: Սամվել Նիկոյանը թեպետ աշխատել է ԱԺ նախագահ, բայց ակնհայտորեն իրավական ծակուծուկերից ավելի վատ է գլուխ հանում, քան Դավիթ Հարությունյանը, և նաև գործադիրի պրակտիկ փորձն ավելի է կարևորում նրա թեկնածությունը:
2. Տ.Սարգսյանի փոփոխության հարցը չգիտես ինչու դիտարկվում է որպես նախագահին ներկայացված ուլտիմատումի համատեքստում: Կարելի է կարծել, որ մեր վարչապետը միայն ԲՀԿ-ին չի ձեռք տալիս այն աստիճան, որ պատրաստ է իշխանությանը մաս կազմելուց հրաժարվել, միայն թե այդ հարցը լուծվի: Ի՞նչ է իշխանության օղակները կամ էլ հենց ՀՀԿ-ում Տ.Սարգսյանից գո՞հ են: Եթե նախագահը վարչապետին չփոխի, ապա իր կատարած ցանկացած բարեփոխում արդյունք չի տալու, որովհետև ամբողջ երկիրը նախատրամադրված է կարծել, որ վարչապետի հարցով Ս.Սարգսյանն ինադի է ընկել բոլորիս հետ ու պահում է Տ.Սարգսյանին՝ իր ուժը ցույց տալու համար: Լավ հասկացանք՝ ԲՀԿ-ին այդ հարցում մերժեց նախագահը, ուրեմն արդեն հանգիստ խղճով կարող է նաև կոնֆլիկտի օբյեկտին հեռացնել՝ նոր իրավիճակի համար նոր դեմքով հանդես գալու համար: Բայց մեծ ընտրություն էլ չունի նախագահը. պետք է վերջնականապես կողմնորոշվի 3 հավանական թեկնածուներից մեկի հարցում:
• Հովիկ Աբրահամյան: Ի տարբերություն Տ.Սարգսյանի, որն այն աստիճանի անհույս տեսաբան է, որ մինչև հիմա կյանքը գրատախտակի վրա է պատկերացնում, այս թեկնածուն նրա հակապատկերն է՝ չափից դուրս պրակտիկ: Բայց եթե Հ.Աբրահամյանն անվստահելի է որպես ԱԺ նախագահ, ապա ինչպե՞ս կարելի է նրան վստահել վարչապետի պաշտոնը, երբ բավական լուրջ վարչական լծակներ կլինեն նրա ձեռքում: Բացի այդ՝ Հ.Աբրահամյանը կլանային մտածողության տեր անձնավորություն է. նա վստահում է միայն մոտ բարեկամներին ու հայրենակիցներին, ու եթե նա վարչապետ դառնա, ապա շատ կարճ ժամանակում մեզ կթվա, թե երկրի մայրաքաղաքը դարձյալ Արտաշատն է:
• Կարեն Կարապետյան(գազի): Երբ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը կապվում է Ռոբերտ Քոչարյանի միջոցով Ռուսաստանի հետ համաձայնեցման հետ, ապա իսկական ժամանակն է արևմտամետ դիտարկվող Տ.Սարգսյանին փոխարինել ակնհայտ ռուսամետ կողմնորոշում ունեցող Կարապետյանով, ով ռուսական կառավարման վերնախավի հետ բավական նորմալ կապեր ունի: Քաղաքապետարանում չկարողացավ աշխատել, քանի որ իր համար, թեև հետաքրքիր գործ էր, բայց բավական բան պիտի իր մեջ փոխեր, որպեսզի կարողանար նոր կարգավիճակում ընդունելի լինել հա՛մ երևանցիների, հա՛մ իշխանական վերնախավի, հա՛մ էլ բազմապիսի բիզնես շահեր հետապնդող օլիգարխների համար: Պետք է նշեմ, որ պաշտոնանկությունից հետո նա շատ բաներ վերարժևորելու հնարավորություն ունեցավ, ուստի միանգամայն հանգիստ կարելի է նրան դարձյալ ընդգրկել ֆավորիտների ցանկում:
• Կարեն Կարապետյան(Տաշիրի): Գաղտնիք չէ, որ նրան Ս.Սարգսյանը պաշտոնանկ արեց վարչապետի հետ ունեցած թաքուն ու բացահայտ պայքարի համար: Բայց եթե այսօր վարչապետը փոխվի կնշանակի Կ.Կարապետյանի տարբերակն առավել հետաքրքրական է դառնում: Հարկավոր է հաշվի առնել նաև, որ պաշտանանկությունից հետո իրեն պահեց բավական զուսպ ու ոչ մի կարգի խաղեր չտվեց՝ ընդդեմ իր թիմակիցների ու նախագահի: Ռուսական վերնախավի համար էլ նա համարվում է շատ ընդունելի, բավական է միայն նշել եղբոր՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գործոնը:
Ամփոփելով նշեմ, որ իմ դիտարկմամբ ինչ հերթականությամբ թվարկված է, սրա հակառակ հերթականությամբ էլ պետք է ընկալել վարկանիշային իմ նախապատվությունս՝ Կ.Կարապետյան(Տաշիրի), Կ.Կարապետյան(գազի), Հ.Աբրահամյան:
3. Այս օրերին լայնորեն քննարկվում է նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնանկության հարցը, որ նա կասկածվում է երկակի խաղեր խաղալու մեջ: Բայց կարծեմ Վիգեն Սարգսյանը 5 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի օգնականը: Սա իհարկե նշանակություն չէր ունենա. ամեն մեկն էլ մեկի մոտ ինչ որ ժամանակ աշխատել է, բայց նախագահական նստավայրի նախագահից հետո հաջորդ պաշտոնյան, ով ի պաշտոնե և չգրված օրենքներով հսկայական ազդեցություն է ունենում երկրում, պետք է հանրային հայտնի գործիչ լինի, նաև քաղաքական ազդեցիկ շրջանակների համար ընդունելի: Բայց եթե նա ապարատային տարբեր աշխատանքներ կատարելուց աճել-հասել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, սակայն, ըստ էության, մնացել է օգնականի մակարդակի, ուրեմն կարող էր նաև մտածել, որ իշխանափոխության դեպքում ինչո՞ւ չի կարող ինքն իր տաքուկ անկյան հարցը լուծել՝ հավանական նոր իշխանության օրոք: Ուրախ եղեք, որ ՀԱԿ-ի հետ էլ խաղեր չի տվել. չէ՞ որ մի քանի տարի էլ Ազգային ժողովում Բաբկեն Արարքցյանի օգնական ու ռեֆերենտ է եղել: Պարզապես մարդն իր աթոռին չի նստած, թե չէ նորմալ, բարեկիրթ կադր է: Բայց հենց այս լուրը տարածվեց, անմիջապես մի «հավաստի» տեղեկություն դրվեց շրջանառության մեջ, որ այդ պաշտոնին նշանակվելու է Արթուր Բաղդասարյանը: Բայց մի՞թե Ս.Սարգսյանը կարող է Բաղրամյան 26-ի ողջ կառավարչական լծակները դնել մի մարդու ձեռքում, ով 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող օրերին Հեղինե Բիշարյանին ուղարկել էր Ազատության հրապարակ կրակոտ ճառեր արտասանելու համար, իսկ ինքը նախագահի հետ «շանտաժ-բազարի» մեջ էր մտել վարչապետի պաշտոնի համար: Եվ միայն նախագահի հավաստիացումներից հետո, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն այնքան կփչի-կուռցնի, որ նրան կդարձնի համարյա վարչապետ, Բաղդասարյանը համաձայնվեց պաշտպանել Ս.Սարգսյանին: Եվ եթե այս տարիների ընթացքում Ա.Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունը դառել են բացասական խորհրդանիշներ ու ամբողջովին վարկաբեկվել, ապա դա դեռ չի նշանակում, որ հարմար առիթով խաղեր չեն տա, ու մի հատ էլ նախագահին մեղադրեն, որ իրեն պատճառով կորցրեցին ամեն ինչ, իսկ Ս.Սարգսյանի տվածը համարժեք չէր կորսուտին: Նշանակում է այս տարբերակը պետք է դիտարկել ամենավերջում, եթե չասեմ՝ հարկավոր է բացառել: Իսկ հավանական թեկնածուներ կարող են լինել Հովիկ Աբրահամյանը, եթե չդառնա ԱԺ նախագահ, կարող է վերադառնալ իր նախկին պաշտոնին: Կարեն Կարապետյանը(Տաշիրի), եթե չդառնա վարչապետ, ապա կարող է վերադառնալ իր նախկին պաշտոնին, բայց եթե վարչապետը Տ.Սարգսյանը չլինի: Վիկտոր Դալլաքյանը, ով պատգամավոր չընտրվելուց հետո շատ կոռեկտ տարավ իր պարտությունը, իշխող կուսակցությանն ու անձամբ նախագահին ոչ մի բանում չմեղադրեց ու ոչ մի հիստերիկ հայտարարություն չարեց: Իսկ այն, որ նախագահը Դալլաքյանի համար մի բան մտտածելու է, հուշում է առողջ տրամաբանությունը, և համացանցը ողողած նյութերը, որ նրան նախարարի պաշտոն են խոստացել:
Այս հարցում էլ ես նախապատվությունը կտայի հակառակ հերթականությամբ՝ Վիկտոր Դալլաքյան, Կարեն Կարապետյան, Հովիկ Աբրահամյան:
Իսկ մնացած պաշտոններին չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ նշեցի այն պաշտոնները, որոնք լուրջ դերակատարություն են ունենալու առաջիկա զարգացումներում, իսկ մի նախարար այս կողմ մի նախարար այն կողմ՝ դա արդեն ճաշակի, նեղ անձնական շահի ու նպատակահարմարության հարց է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել