Վերջին մի քանի օրվա լրահոսս կարդալով հասկացա, որ այնուամենայնիվ ճիշտ են բուդդիստները, ովքեր հավատում են մարդու վերամարմնավորմանը ու նախորդ կյանքում կենդանի լինելու հավանականությանը: Այլապես անհնար է բացատրել մեր լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչների լեշակեր էությունը:
Այնպիսի տպավորություն է, որ որոշ լրագրողներ ու խմբագրեր գիշեր-ցերեկ չեն քնում, մոմ են վառում, որ մարդ մահանա, ընդ որում՝ ցանկալի է, որ մահացողը հայտնի մարդ լինի, կամ հայտնի մարդու մեղավորությամբ մահացած:
Արդեն երեք օր է, ինչ նեկրոֆիլական հակումներով լուսաբանվում է լուսահոգի դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան փաստը, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի մանրամասները:
Պարոնայք լրագրողներ, հարգելի խմբագրեր, մի՞թե Ձեզ մոտ մարդկայնության նշույլ անգամ չի մնացել: Ախր չի կարելի ամեն ինչը դիտարկել, որպես տեղեկատվական առիթ ու սենսացիայի աղբյուր: Հարգեք անցավորներին և նրանց հարազատների զգացմունքները, դրանք սպեկուլյացիայի ենթարկելը մեծագույն մեղք են: Աստված չանի, եթե նման մի բան պատահի Ձեր կամ Ձեր մտերիմի հետ, դուք ինքներդ կոկորդներդ կպատռեք բղավելով էթիկայի ու բարոյականության նորմերի մասին:
Պարզապես զզվելի է դառնում հետևել համացանցին այս օրերին ու ակամայից մտածում ես, որ խոսքի ազատությունը վեր է ածվում չարիքի, երբ ազատությունը սկսում են ընկալել, որպես ամենաթողություն և եկամտի աղբյուր: Շատացել են սրիկաները հայոց աշխարհում:



