Hayeli.am-ը գրում է.
Հայաստանում գործազուրկների նպաստի ինստիտուտը 2014 թվականի սկզբից կվերանա: Սա հայրենի իշխանության հերթական անակնկալն է հասարակությանը: Ըստ այդմ՝ գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստը, որը աշխատանք կորցրած քաղաքացիները ստանում էին շուրջ 6 ամիս, եթե, իհարկե, այդ ընթացքում նրանք այլ աշխատանքի չէին անցնում, այսուհետ չի լինի: Հիմա կառավարությունը, ինչպես ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը, քաղաքական որոշում է կայացրել, այդ գումարները գործազուրկներին տալու փոխարեն, ուղղել նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Փաստորեն, կառավարությանը հենց այդ 18 000-ական դրամներն էին պակասում՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Մոտավոր հաշվարկներով՝ մեկ աշխատատեղի ստեղծման համար Հայաստանում միջինը 2-3 հազար դոլար ներդրում պետք է կատարել:
Եթե փորձենք մոտավոր թվաբանական հաշվարկ կատարել, ապա կստացվի, որ մոտավորապես 10 գործազուրկի նպաստ հատկացնելու դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել մեկ նոր աշխատատեղ:
Այդ մեկ աշխատատեղը բնականաբար կարող է լուծել ընդամենը 1 գործազուրկ քաղաքացու պահանջարկը, իսկ ի՞նչ են անելու մնացած 9-ը գործազուրկները: Որքանո՞վ է սա արդար՝ սոցիալական տեսանկյունից: Մյուս կողմից էլ՝ այսպես թե այնպես 18 հազար դրամը այնքան չնչին գումար է, որ որևէ էական հարց գործազուրկի համար չէր լուծում, սակայն, ամեն դեպքում, դա պետական վերաբերմունքի արտահայտում էր՝ թեկուզ նվազագույն չափով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ