Օրերս ռուսական հեռուստաալիքներից մեկով նորություններ դիտելիս իմացա, որ ՌԴ Պետդումա քննարկման է ներկայացվել հեռուստատեսային գովազդի վերաբերյալ մի օրինագիծ, համաձայն որի՝ տոնական օրերին ժամը 8:00-ից մինչև 23:00-ն հեռուստաեթերից ոչ մի գովազդ չի հեռարձակվելու, իսկ մնացած օրերին՝ 19:00-ից 23:00-ն: Ընդ որում՝ չեմ ցանկանում համեմատել ռուսական ալիքների գովազդների բովանդակությունը, գեղեցկությունն ու որակը մեր հեռուստաեթերից ժայթքող գովազդների հետ, որպեսզի չվիրավորեմ նրանց գովազդային գործակալություններին: Երբեմն նույնիսկ հաճելի է արտասահմանյան ալիքով գովազդ դիտել, քանի որ նրանք պարզապես ներկայացնում են իրենք ապրանքը կամ ծառայությունը՝ գնելու ցանկությունը թողնելով հեռուստադիտողի հայեցողությանը: Ինչպիսի՞ գովազդներ են տեղ գտնում ռուսական ալիքներում. հիմնականում ավտոմեքենաների, դեղորայքի, մանկական պարագաների, կաթնամթերքի կամ սնունդի… Իսկ արևմտյան հեռուստաալիքներում տեղ գտած գովազդները համեմատել տեղականի հետ ինքս ինձ արգելում եմ. այնտեղի կամայական հեռուստագովազդ կգերադասեմ հայկական յուրաքանչյուր հաղորդումից:
Իսկ ի՞նչ գովազդներ ենք տեսնում հայկական հեռուստատեսությամբ: Հնարավորինս տհաճ ձայնով և տոնայնությամբ թարգմանած արտասահմայնան գովազդներ կամ տեղական նկարահանած անհասկանալի վիդեոներ: Իսկ դրանց հաճախականության մասին խոսելիս միանգամից մտքիս գալիս է հայտնի կատակը. «Շատ եմ սիրում գովազդներ դիտել: Ափսոս, որ այն մեկ-մեկ ընդհատում են ֆիլմերով»: Մի քանի րոպեն մեկ եթերն ընդհատում են գովազդով՝ անընդհատ կրկնելով նույն հոլովակները: Մարդիկ նույնիսկ մոռանում են, թե հաղորդման կամ ֆիլմի որ մասն էին դիտում: Հարգելիներս, հասկանում ենք, որ ձեր հեռուստաալիքների բյուջեն լցվում է գովազդի շնորհիվ, բայց հաշվի առեք, որ դուք գործ ունեք հասարակության անդամների հետ, որոնց նյարդերը տեղի են տալիս ձեր ագահ գովազդային քաղաքականությունից: Հեռուստաալիքներ էլ կան, որ գովազդում են իրենց «տիրոջ» կուսակցությունը, նրա արարքները: Նույնիսկ նորությունների ժամանակ են նրան գովազդում՝ բոլոր օրերի գլխավոր թեման կապելով «շեֆի» հետ: Օրինակ՝ շեֆը այսօր մասնակցեց այսինչ ռեստորանի բացմանը կամ շեֆը այսօր բարեգործություն արեց մի անապահով ընտանիքի համար:
Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ այս ոլորտը կարգավորելու համար: Պետք է մասնագիտական թույլտվություն ստանան բոլոր եթեր գնացող այդ հոլովակները, սահմանվեն, թե օրվա որ ժամին ինչպիսի գովազդ կարելի է հեռարձակել: Ավելի վատ, եթե այս հարցով զբաղվող կառույց գոյություն ունի. ավելի լավ կլիներ, որ չունենար, քանզի նրանց աշխատանքը որևէ կերպ չի զգացվում:
Հ.Գ. Հարգելիներս, գովազդին վերաբերող մի ոսկե կանոն կա. «Լավ ապրանքը գովազդի կարիք չունի»
Գոռ Գևորգյան
Աղբյուրը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=650090105012932&set=a.185286031493344.39512.100000358443385&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել