1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն չի ցանկանում համագործակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է համագործակցել այս կազմակերպության առանձին երկրների հետ:

Երկար ժամանակ էր, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքը չէր պատասխանում համագործակցության մասին ՀԱՊԿ-ի առաջարկին: «ՆԱՏՕ-ի այդ դիրքորոշման ետևում միայն քաղաքական պատճառներ են»,- մի առիթով նույնիսկ նշել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ստեղծված իրավիճակն օրերս հստակեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ակնարկելով, որ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ անդամ պետությունների հետ կարող է համագործակցել միայն ՆԱՏՕ-ՌԴ բանակցությունների ձևաչափով: Բորդյուժան մասնավորապես ասել էր, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնել են, որ ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումն իրականացնի Ռուսաստանի Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարական հրամանատարությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Միխեևն ասաց, որ ապագայում անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամների համագործակցությունները կարող են զարգանալ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով: Սակայն նա նաև նշեց, որ ՀԱՊԿ-ն ունի կանոնադրություն, որը կարգավորում է նման հարցերը և հանդես է գալիս, որպես կազմակերպություն, որին միացել են մի քանի պետություններ: Սերգեյ Միխեևը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ, որ Բորդյուժան հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, ուստի չի կարող ավելին մեկնաբանել:

Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն, վախենալով ՌԴ-ից, փորձում է իր համագործակցությունը տանել երկկողմ ձևաչափով:

«ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների մոտ ՌԴ-ից վախը արյան մեջ է: Միայն ՆԱՏՕ-ի հին անդամ պետությունները, ինչպես Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, համաձայն են երկխոսել ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ, ուստի ամենաընդունելի համագործակցությունը ՆԱՏՕ-ի համար երկկողմն է, որի համար էլ Ռասմուսենն այդպիսի առաջարկությամբ է հանդես եկել: Դատելով Բորդյուժայի խոսքից՝ կարելի է ասել, որ ՌԴ-ն չի սատարում ՆԱՏՕ-ի այդ նախաձեռնությունը: ՌԴ-ն ակնարկում է, որ ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ անդամ պետությունները բանակցություններ կարող են վարել իր գլխավորությամբ, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ՆԱՏՕ-ն կարող է համագործակցել ՌԴ ներկայացուցիչների միջոցով: ՌԴ-ն դեմ է ՆԱՏՕ-ի այդ առաջարկին և փորձելու է ՆԱՏՕ-ի հետ երկխոսել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից»,- նկատեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել