Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազատությունն ինտերնետում» զեկույցում Հայաստանը դասվել է ազատ ինտերնետով երկրների խմբում։ Ըստ զեկույցի` 60 երկրներից 17-ում, այդ թվում նաև՝ Հայաստանում, ինտերնետն ազատ է տարատեսակ ճնշումներից, 29-ում համացանցը մասամբ ազատ է, իսկ 14 երկրներում ինտերնետը խիստ վերահսկողության տակ է: Ի դեպ, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան դասվում են մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում։ 
Թվերը խոսուն են։ Ազատության այս ցուցանիշը, բնականաբար, պատիվ է բերում մեր երկրին, այն ժողովրդավարության ցուցանիշներից է։ Համացանցի ազատությունը տարբեր նախաձեռնությունների առիթ հանդիսացավ, ինչն ավելի հզորացրեց քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Սակայն ոմանք տրված այդ ազատությունը շփոթում են ամենաթողության հետ։ 

Համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում խոսքի ազատությունը մարդկանց մի ստվար զանգված վերածեց խոսքի անպատասխանատվության: Համացանցային ազատությունը, իր դրական կողմերով հանդերձ, խաթարել է արժեքները, այն դարձել է գավառական բամբասանքի հարթակ։ Իսկ բամբասանքը, ըստ ամենայնի, ասելիքի բացակայություն է։ Գոյություն չունի հրապարակային խոսքի կուլտուրա։ Կարող են գետնին հավասարեցնել ցանկացածին. ինչ-որ անհասկանալի մեկը, ինչ-որ ՙանչափահաս՚ կարող է փորձել հարվածել վաստակ, երկրում մեծ ներդրում ունեցող, տարիքով, կյանքով շատ բաներ ապացուցած մարդկանց տարիների հեղինակությանը:

Հավանաբար դա ճանաչում ստանալու միակ ելքն է։ Գործում է չճանաչվածը ճանաչվածին խփելով ճանաչում ստանալու պարզունակ բանաձևը։
Շատ երկրներում սոցիալական ցանցերը հաղորդակցության միջոց են, մեզ մոտ՝ հարցեր լուծելու հարթակ, որտեղ խախտվում են նաև բարեկրթության տարրական նորմերը։ Օգտագործվում են մեծ քանակությամբ կեղծ էջեր, այսպես կոչված, ֆեյքեր, որոնց գոյությունը շատ երկրներում ուղղակի զարմանք և ծիծաղ է առաջացնում։ Էլ չասեմ, որ մեզ մոտ ավելի հեռուն են գնացել և ֆեյքերով անգամ ծառայություն են մատուցում։ 

Եթե մարդը ճիշտ է, ապա ասելիքը կարող է բարձրաձայնել իր դեմքով և ոչ թե սրա-նրա հետևը թաքնված։ Քաղաքական բանավեճը հաճախ անցնում է անձնական վիրավորանքների։ Հիմնական պատճառը հավանաբար քաղաքական բառապաշարի բացակայությունն է։ Երբեմն զարմալի են նաև այն գրառումները, որոնք կարդալով, պարզ է դառնում, որ պատվեր է, և գրողը հաճախ նյութին չի տիրապետում։ 
Առողջ քննադատությունը կարևոր գործիք է ցանկացած ոլորտի զարգացման համար, իսկ բամբասանքը, վիրավորանքներն ու չարախոսությունը՝ բարդույթ ունեցող, չկայացած մարդկանց ինքնահասատատման միջոց։ 

Հուսանք, որ ժողովրդավարական մյուս գործիքները գոնե զերծ կմնան ամենաթողության նման ոտնձգություններից և կօգտագործվեն նպատակային, միմայն մեր երկրի քաղաքացիական ինստիտուտների զարգացման համատեքստում։ Խոսքը գրաքննության մասին չէ, խոսքը արժեքներ ունենալու և դրանք չոտնահարելու մասին է, անկախ տեխնոլոգիաներից։ 
Վերջում տեղին է հիշել հայտնի մի ասույթ՝ որքան ազատ է խոսքը, այնքան թանկ է լռությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել