ԱԺ-ում հայտարարություների ժամի հայտարարությունս տեքստը:
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից սկսած մինչ այսօր բոլոր իշխանավորներն ու ընդդիմադիրները միշտ, առնվազն հրապարակավ, համակարծիք են եղել մեկ հարցում. մեր երկրին հարկավոր է իսկապես արդար ու գործուն դատական համակարգ: Այս մասին տարիներ շարունակ խոսել են բոլորը, տարիներ շարունակ բոլոր քաղաքական ու տնտեսական ծրագրերը կազմվել են հենց այս առաջնահերթության վրա: Տնտեսական առաջընթացը, հասարակական բնականոն զարգացումը, պետության ամրությունը, վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ ու շատ շատ այլ երևույթներ հենց դատարանների հանդեպ վստահությամբ են պայմանավորվել:
Առաջնահերթությունների առումով այս ամենը ասվում ու գրվում է նաև այսօր: Բոլոր մակարդակներում: Համաձայն ենք բոլորս: Անխտիր:
Բայց այստեղ հարց է առաջանում. հետո՞ ինչ, որ համաձայն ենք, հետո՞ ինչ, որ կարևորում ենք առաջնահերթությունը: Ազգային ժողովի 131 պատգամավորից քա՞նիսն է համարում, որ մենք ունենք նորմալ դատական համակարգ: Միգուցե ոմանք ասեն, որ մեզնից շատ ավելի երկար անկախության պատմություն ունեցող երկրներում էլ իրերի դրությունը բարվոք չէ: Չեմ վիճում: Այդ դեպքում հարցս վերաշարադրեմ, տեսանելի՞ է արդյոք որևէ առաջընթաց այս ոլորտում, եթե այո, ապա քանի՞ հոգու է բավարարում այդ առաջընթացի տեմպը:
Հիմա պատկերացրեք, որ այս հարցերը տալիս ենք ողջ հանրությանը: Պատկերացնու՞մ եք ինչ պատկեր կունենանք: Վստահեցնում եմ՝ շատ տխուր պատկեր կլինի:
Ասածս ինչ է: Միգուցե ինչ-որ գերատեսչության ինչ-որ պահարաններում կան հաստափոր հաշվետվություններ այն մասին, թե ինչ հրաշալի քայլեր են արվել դատարանների գործունեության մակարդակը բարձրացնելու համար, միգուցե և հրաշալի նորակառույց դատարանների շենքերն էլ այդ հաշվետվությունների անբաժանելի մասն են: Չեմ վիճում: Վստահ եմ միայն, որ ցանկացած արված քայլ կամ ծախսված գումար գրոշի արժեք չունի, եթե չի հանգեցնում արդարադատության իրականացման հարցում հանրային վստահության ավելացմանը: Դատարանների հանդեպ հանրային վստահության մակարդակը շրիշակից կամ օտարալեզու տերմինով ասած՝պլինտուսից ցածր է, հետևաբար յուրաքանչյուր ոք առանց դժվարության ինքնուրույն կարող է գնահատել դատական համակարգի կայացման հարցում արվող քայլերի արդյունավետությունը: Կարծում եմ՝ դժվար չի լինի:
Շնորհակալություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10152331869498378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել